կարևոր
376 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-29 19:33

Պուտինն ընդունել է Էրդողանին․ խոսել են Սիրիայից, Լիբիայից, Հարավային Կովկասից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

18 ամսվա դադարից հետո Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները նորից հանդիպել են դեմ առ դեմ:

Էրդողանին Սոչիում ընդունելու համար Վլադիմիր Պուտինն, անգամ, ինքնամեկուսացման ռեժիմից է դուրս եկել: Բանակցային սրահում նախագահներից բացի միայն թարգմանիչներն են եղել: Մինչ տետ ա տետ բուն բանակցությունները, լրատվամիջոցների համար բաց հատվածում Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները երբեմն բարդ ընթացք են ունենում, բայց վերջնական արդյունքը դրական է լինում:  

Պուտինի խոսքով՝ միջազգային ասպարեզում Մոսկվան Անկարայի հետ բավական հաջող է համագործակցում՝ նկատի ունենալով Սիրիան, Լիբիան եւ Հարավային Կովկասը: Ու այստեղ Ռուսաստանի նախագահն ընդգծել է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը, Պուտինի խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին: Կենտրոնը գործում է Արցախում՝ բռնազավթված Ակնայում: 

Էրդողանը Արցախից չի խոսել: Երկկողմ հարաբերություններից բացի, անդրադառնում է միայն Սիրիային:

Այս պահին ռուս-թուրքական ամենասուր տարաձայնությունները հենց Սիրիայի շուրջ են: Թուրքերը բողոքում են, որ ռուսական օդուժի գրոհները զգալիորեն ավելացել են Իդլիբում՝ Սիրիայի միակ խոշոր շրջանում, որը դեռ Թուրքիայի հովանավորության տակ գտնվող խմբավորումների ձեռքում է:

Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարությունն օրերս պահանջել էր թուրքական զորքի դուրսբերումը երկրից, մինչդեռ Անկարան հակառակը՝ նոր ուժեր է ուղարկում Իդլիբ:

Հանդիպման կարևոր հատվածները առանձացրել է՝ Մարին Մելիքսեթյանը։