կարևոր
832 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-29 17:43

Վախճանվել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն Սարգսյանը

Վախճանվել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն Սարգսյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյանը։

«Անգնահատելի է Գուրգեն Սարգսյանի ավանդը հայ փողային կատարողական արվեստում: Ավելի քան երեք տասնամյակ (1968-2001) երաժիշտը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար շեփորահարը, բազմաթիվ ելույթներ է ունեցել որպես մենակատար և անսամբլային կատարող, բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններ ունի ՀՀ Հանրային ռադիոյի ֆոնդում: Սակայն երաժշտի կարևորագույն առաքելությունը մանկավարժական գործունեությունն էր: 1985 թվականից Գ. Սարգսյանը, դասավանդելով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, դաստիարակել է պատանի շեփորահարների մի քանի սերունդ՝ մանկավարժի բացառիկ ձիրքով նրանցից յուրաքանչյուրի մեջ սերմանելով անմնացորդ սեր և նվիրվածություն  ընտրած մասնագիտության հանդեպ:

Գ. Սարգսյանը ծնվել է 1938 թ. Գյումրի քաղաքում, սովորել է թիվ 16 միջնակարգ դպրոցում և երաժշտական դպրոցի փողային բաժնում: 1958 թ.-ին ավարտել է Գյումրու Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժինը: Այնուհետև ծառայել է խորհրդային բանակում՝ Անդրկովկասյան ցուցադրական փողային նվագախմբում: 1968 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժինը՝ որպես մենակատար-շեփորահար:

1998 թվականից Գ. Սարգսյանը դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հեղինակ է 1-7-րդ դասարանների աշակերտների համար շեփորի դասագրքի:

Վաստակաշատ մանկավարժի սաներից շատերն այսօր հանրապետության տարբեր նվագախմբերի առաջատար շեփորահարներն են, բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների հաղթողներ և մրցանակակիրներ են՝ բարձր պահելով իրենց ուսուցչից ստացած մասնագիտական պատգամներն ու կատարողական հմտությունները»: