կարևոր
1147 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-29 15:42

ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացմանը վերաբերող «Վեոլիա ջրի» հայտը

ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացմանը վերաբերող «Վեոլիա ջրի» հայտը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ ներկայացրեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։

Լրագրողների հետ զրույցում Բաղրամյանը նշեց, որ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։

«Հայաստանի ջրի մատակարարման համակարգը հանձնված է վարձակալության 15 տարով։ Հաղթող ճանաչվելուց հետո ընկերությունը ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը 3 գործոնով ենթարկվում են ճշգրտման։ Բազիսային գնին նայելով՝ կարող եմ ասել, որ 2022 թվականի համար արդեն իսկ 214 դրամ էր։

Այսինքն, այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում, ինչը ձևավորվել է մրցույթի ժամանակ։ Հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։

Շրջաններում գործընթացն ավարտել ենք, իսկ հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում։ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Ունենք սցենար, երբ մինչև 2025-2026 թթ. բարձրանում է գինը, հետո սկսում է նվազել։ Այժմ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք ավելի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար, սակայն դեռ հստակ չէ»,- նշեց Բաղրամյանը:

Հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, ինչը եթե հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։