Իրավունքն ու քաղաքականությունը բախվում են, և այդ բախման ժամանակ մեծապես պահպանվում են քաղաքականության շահերը: Այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով նախօրեին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևին։
«Խոսվում է մարդասիրական խնդիրների մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն, նկատենք, որ բուն հակամարտությունը եղել է Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև, իսկ Հայաստանն ընդամենը Արցախի անվտանգության երաշխավորն է։ Մեկ այլ դիտարկում, այդպես էլ չի խոսվել Թուրքիայի մասին, որը հակամարտության մասնակից էր ինչպես վարձկանների, այնպես էլ օդուժի կառավարման միջոցով։ Այս ամենը արդյունքն է այն բանի, որ բանաձևը կազմվել է քաղաքական մարմնի կողմից՝ քաղաքական գործընթացի արդյունքում։ Այս ամենը քաջ գիտակցելով՝ ապավինում ենք դատական մարմիններին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Միաժամանակ իրավապաշտպանը հայտնեց, որ դատարանը նույնպես գործում է Եվրոպայի Խորհրդի կազմում, ուստի դատարանը նույնպես կարող է քաղաքական մարմնից ազդեցություն կրել, սակայն առանձին դատավորների շնորհիվ հնարավոր է լինում անաչառության հասնել։
Սիրանուշ Սահակյանը բացասական գնահատեց զեկույցն այն իմաստով, որ պատշաճ կերպով անդրադարձ չի կատարվել Հայաստանի կրած մարդասիրական վնասներին՝ գլխատումներին, խոշտանգումներին։
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը, որը տեղեկացրեց, թե զեկույցում ներառվել է նաև ՀՀ ՄԻՊ-ի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու հայեցակարգը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են ատելության խոսքի քարոզ, ցեղասպանական, հայատյաց քաղաքականություն, որոնք շարունակվում են պատերազմից հետո առ այսօր
«Այսպիսի պայմաններում անվտանգության գոտին սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ապահովման միակ ելքն է»,-ասաց Սիրանուշ Սահակյանը: