կարևոր
661 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-29 14:40

Կորոնաթեստերը թալանի աղբյուր են դարձել կառավարության, մասնավորապես՝ Առողջապահության նախարարության անգործության պայմաններում․ Արեգնազ Մանուկյան

Կորոնաթեստերը թալանի աղբյուր են դարձել կառավարության, մասնավորապես՝ Առողջապահության նախարարության անգործության պայմաններում․ Արեգնազ Մանուկյան

Կորոնապատվաստման «կացնայնության» և կորոնաթեստային թալանի մասին: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում կորոնավարակային համաճարակի դեմ պայքարի նոր քաղաքականությունը, որի համաձայն՝ աշխատանքի ներկայանալիս կա՛մ պետք է պատվաստված լինել, կա՛մ երկու շաբաթը մեկ թեստ հանձնել։ Եթե գործատուն իր աշխատողներից չպահանջի հետևել այս կանոններին, ապա կարող է տուգանվել։

Հարցի վերաբերյալ մի քանի դիտարկում, գնահատական ու հարցադրում եմ ուզում ներկայացնել։

1. Ինքս կողմ եմ պատվաստումների իրականացմանը։ Պատվաստումն այս պահին միակ տարբերակն է, որի միջոցով կարելի է կանխարգելել վարակի տարածումը, բայց պատվաստումը պետք է լինի մարդկանց գիտակցված ընտրության արդյունք, այլ ոչ թե պետական բռնության հետևանք։

2. Կառավարությունն` ի դեմս Առողջապահության նախարարության, կորոնավարակի տարածման կանխարգելման առումով որոշել է «կացնային» մեթոդ կիրառել։ Սա հերթական դեպքն է, երբ ականատեսն ենք դառնում փնթի, թերի, կասկածելի, չվերլուծված, չտրամաբանված որոշման։

Այո՛, կորոնավարակից հնարավորինս պաշտպանվելու այս պահին աշխարհում առկա միակ տարբերակը պատվաստումն է։ Մարդիկ պատվաստվում են, որպեսզի հակամարմիններ ձեռք բերեն։ Հիմա հարց․ եթե կան մարդիկ, ովքեր արդեն վարակվել են, առողջացել և ունեն հակամարմիններ (Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 259.779 է, որոնցից արդեն ապաքինվել են 240.730–ը), ապա ինչո՞ւ պետք է նրանք պարտադիր պատվաստվեն։

Ճիշտ կլինի, եթե վարակված-բուժվածները արյան անալիզ հանձնեն, և եթե պարզվի, որ անհրաժեշտ հակամարմիններն ունեն, ապա այդ մասին հավաստագիր ներկայացնեն և որոշակի ժամկետով (6 ամիս) ազատվեն պատվաստվելու և թեստավորվելու պարտավորությունից։

Ի՞նչ իմաստ ունի պատվաստել կորոնավարակից հակամարմիններ ունեցողին։ Այս մասով «կացնային» քաղաքականությունը սխալ է ոչ միայն մարդու իրավունքների, այլ նաև առողջապահական տեսանկյունից։

3. Կորոնաթեստերը թալանի աղբյուր են դարձել կառավարության, մասնավորապես՝ Առողջապահության նախարարության անգործության կամ էլ՝ համաձայնության պայմաններում։

Բանն այն է, որ գնային առումով առկա է մեծ տարբերություն։ Սկզբում թեստի գինը 20.000 դրամ էր, հետո դարձավ 15.000։ Մի պահից սկսած կային բժշկական կենտրոններ, որոնք 9.000 դրամով էին թեստավորում։ Օդանավակայանում թեստավորվելու գները տատանվում էին 11.000-ից մինչև 15.000։ Հիմա պարզվում է, որ աշխատանքային կոլեկտիվներին «X» քանակով թեստավորվելու դեպքում կարող են 7.000 դրամ գին առաջարկել, այսինքն՝ թեստավորման մեծածախ գին սահմանել։ Սա հուշում է, որ կորոնաթեստերի գների պահով չկա պետական վերահսկողություն և կա թալան։

Եթե հնարավոր է 7.000 դրամով թեստավորել, ուրեմն այս երկու տարվա ընթացքում գերշահույթներ են ստացել թեստ անողները։ Թեստ անելը դարձել է թալանչիություն։ Եվ սա «ժողովուրդ» բառը մշտապես օգտագործող և ժողովրդի անունից հանդես եկող կառավարության օրոք»,-գրել է պատգամավորը։