ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը խորհրդարանում քննարկման ժամանակ հայտնեց, որ 44-օրյա պատերազմում զոհվել է արցախցի 742 զինվոր, 45 զինծառայող համարվում է անհետ կորած, սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, իսկ 38-ը՝ գերեվարման մեջ են:
«Պատերազմի հետևանքով ունենք մոտ 42 000 տեղահանված, որոնցից 38 154 քաղաքացի զրկվել է բնակավայրից ու անշարժ գույքից։ Տեղահանվածներից 15 000-ը Ստեփանակերտում է, 5 000-ը՝ Արցախի շրջաններում։ Տեղահանված ու ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատածները 20 717-ն են, նրանց 30 տոկոսը բնակություն է հաստատել Երևանում, 70-ը՝ մարզերում։
Նրանց բնակարանով ապահովելու համար արդեն իսկ ունենք վարձակալության 3000 պայմանագիր: Նախատեսվում է մինչև տարեվերջ Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան՝ տեղահանվածներին տեղավորելու նպատակով»,-ասաց Սերգեյ Ղազարյանը:
Նա նաև հայտնեց, որ պատերազմի արդյունքում հակառակորդին է անցել Արցախի հանրապետության 192 բնակավայր, որոնցից՝ 185 գյուղ է, իսկ 7՝ քաղաք:
Նրա խոսքով՝ Արցախի ենթակառուցվածքներին պատճառված վնասը նույնպես մեծ է․ հեռահաղորդակցության ոլորտը, միայն նախնական տեղեկություններով, 42 միլիոն 600 000 դրամից ավելի վնաս է կրել, լրջորեն տուժել է 1226 տնտեսվարող սուբյեկտ, որոնք գործունեություն էին իրականացնում Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։ Էներգետիկ համակարգում 36 գործող ՀԷԿ-երից մնացել է միայն 6-ը։
Սերգեյ Ղազարյանը նշեց նաև, որ Արցախի գյուղատնտեսական նշանակության վարելահողերի 75 տոկոսն անցել է թշնամուն, հայկական պատմամշակության ժառանգության 2 000–ից ավելի հուշարձան վտանգված է, դրանց թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 523 խաչքար, 52 ամրոց։