ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է տեղահանված արցախցիների իրավունքների մասին քննարկում: Քննարկմանը հրավիրվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ քննարկելու են արցախյան երրորդ պատերազմի հետևանքները:
«Պատերազմի ժամանակ ոչ միայն զոհեր ու տարածքային կորուստներ եղան, այլ նաև հարյուրավոր անտուն մնացած քաղաքացիներ կան, որոնց խնդիրներն այս մեկ տարում ամբողջությամբ չեն լուծվել, լրջագույն խնդիրներ կան տեղահանված բնակիչների կեցության, իրավունքների հետ կապված:
Այսօրվա մեր սակավամարդ քննարկումը վկայում է այն մասին, որ Արցախի Հանրապետություն տերմինը չօգտագործած քաղաքական իշխանությունը ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերի քննարկման ժամանակ: Մենք նկատում ենք, որ փորձ է արվում Արցախ բառը հնարավորինս քիչ օգտագործել ՀՀ խորհրդարանում: Ստացվում է, որ պատերազմից մեկ տարի անց մենք ունենք տրամադրություն, հնարավորություն՝ գունագեղ միջոցառում կազմակերպելու, բայց Արցախին առնչվող հարցերի մասով մենք կաղում ենք»,-ասաց Թովմասյանը:
Նա նշեց՝ իրենց այս քննարկումը նաև ի հեճուկս այդ վերաբերմունքի է, որպեսզի ցույց տան, որ ԱԺ-ում կան ուժեր, մարդիկ, ներկայացուցիչներ, որոնք շարունակում են Արցախը համարել արժեք, երկրորդ հայրենիք, Արցախի հայության, Արցախի հետ կապած ցանկացած խնդիր նաև հենց իրենց խնդիրն է: