կարևոր
2050 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-28 20:48

Աշխարհի տարբեր երկրներում հայերը բարձրաձայնում են հայ գերիների շուտափույթ ազատ արձակման հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները, ու մասնավորապես՝ դաշնակցական երիտասարդները, նորից ոտքի են ելել: Հայ գերիներին ազատելու պահանջով բողոքի ակցիա է անցկացվել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

1915թ. պանթուրքիզմը միտված էր հայ ժողովրդին իսպառ ոչնչացնելու, 2021 թ. պանթուրքիզմի քաղաքականությունը կրկնվեց: Մենք դատապարտում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան ու աշխարհից պահանջում ենք դատապարտել նրանց ցեղասպան քաղաքականությունը:
Վաշինգտոնի հայերը եւս Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ գործողությունները դատապարտող պաստառներով հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջել են անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, արդարադատություն հաստատել Արցախի ու հայ ժողովրդի համար եւ պատժամիջոցների ենթարկել Թուրքիային եւ Ադրբեջանին՝ ռազմական հանցագործությունների համար:

Բողոքի ցույցի մասնակիցները դեսպանատան դիմաց վանկարկել են «Ամոթ քեզ, Ալիեւ», «Ամոթ քեզ, Էրդողան», «Միացյալ Հայաստան», «Սյունիքն ուժեղ է», «Հայաստանն արդարություն է պահանջում»:
«Ադրբեջանն ահաբեկչական պետություն է»,-վանկարկել են ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամները այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Նրանք դատապարտել են Արցախի դեմ իրականացված ագրեսիան ու մինչ օրս շարունակվող ադրբեջանական ոտնձգությունները՝  կոչ անելով Բաքվին հեռու մնալ Հայաստանի սահմաններից ու հատկապես Սյունիքից:

Իսկ ահա Աթենքում ՀՅԴ երիտասարդականների բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել: Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները փորձել են հեռացնել հայկական դրոշը, ապա ջուր են թափել ցուցարարների վրա: Ստիպված միջամտել են ոստիկանները:

Ամեն դեպքում, ցուցարարներին հաջողվել է դեսպանատան ցանկապատից հեռացնել «Ղարաբաղը Ադրբեջան է» եւ նմանատիպ այլ ադրեջանական գրություններ ու նկարներ: Իսկ Հ.Յ.Դ. Երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամները բարձրախոսով բարձրաձայնել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի իրագործած ոճրագործությունների, խաղաղ բնակչության թիրախավորման, հայկական մշակութային կոթողների ոչնչացման, պատերազմում օտարերկրյա վարձկանների ներգրավման մասին: Միջազգային հանրությանն ու գերտերություններին էլ հորդորել են վերականգնել արդարությունն ու ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։