կարևոր
421 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-28 17:04

Ստրասբուրգում ընդունվել է Արցախի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ադրբեջանի երազանքն ու գործադրած ջանքերը, այն է՝ դուրս թողնել Արցախի անվանումը միջազգային փաստաթղթերից, ձախողվում են: Հակամարտության մարդասիրական հետեւանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում «Լեռնային Ղարաբաղ» անվանումն ընդգրկվել է: Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները բանաձեւին դեմ են քվեարկել: Փաստաթուղթն ընդունվել է ձայների 80 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԵԽԽՎ այս բանաձեւում չի նշվում, թե որ կողմն է սանձազերծել 44-օրյա պատերազմը եւ մի շարք դրույթներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անգամ հավասարության նշան է դրվում:

Գերիների հարցով ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ու Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին:

Վեհաժողովը Հայաստանին էլ հորդորում է անհապաղ փոխանցել ականապատ տարածքների քարտեզները: ԵԽԽՎ-ն բանաձեւով մտահոգություն է հայտնում նաեւ 6-շաբաթյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների մասին բազմաթիվ մեղադրանքների կապակցությամբ՝ առաջադրված թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Վկայակոչում է նաեւ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին, ու զավեշտը՝ Հայաստանն էլ օգտագործել է տարբեր երկրներից ժամանած հայերին: ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում տարածաշրջանից միջազգային հանրության բացակայության կապակցությամբ՝ մուտքի խնդրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա անհամաձայնության պատճառով:

2021 թվականի մայիսից սահմանի տարբեր կետերում ավելացել են միջադեպերը, եղել են սպանվածներ եւ վիրավորներ, գերեվարվել են հայ զինվորներ, ԵԽԽՎ-ն կողմերին կոչ է անում բանակցություններ սկսել սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ եւ ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը՝ խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ: Ի դեպ, սա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն է:

ԵԽԽՎ բանաձեւում առանձին դրույթ է հատկացվել նաեւ մշակութային ժառանգության ոչնչացմանը. այստեղ էլ մեղադրանքներ են առաջադրվել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին:

Ի դեպ, ադրբեջանական պատվիրակությունն առաջարկ էր ներկայացրել բանաձեւում Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը Ղազանչի դարձնելու վերաբերյալ, ինչը, չնայած հայկական պատվիրակության դիմադրությանը, ընդունվել է: Տեքստում կիրառվել է 2 անունն էլ եւ Ադրբեջանը դատապարտվել է Ղազանչեցոցը կանխամտածված գնդակոծելու, նաեւ հակամարտության ընթացքում ու դրանից հետո այլ եկեղեցիներ ու գերեզմաններ ավերելու կամ վնասելու համար: 

ԵԽԽՎ-ն շեշտում է՝ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձեւով ներկայացնել հայերին եւ լուրջ անհանգստություն է հարուցում Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը», որը վեհաժողովի պնդմամբ, չպետք է տեղ ունենա հասարակության մեջ:

Մանրամասները՝ Մարին Մելիքսեթյանի տեսանյութում: