կարևոր
1660 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-28 16:12

Պատրաստվում էի ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացնել գերիների հարցը. Արմեն Գևորգյան

Պատրաստվում էի ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացնել գերիների հարցը. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր ԵԽԽՎ նիստին չեն մասնակցում դատավոր Դանիբեկյանի որոշման արդյունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը՝ որպես պատվիրակության հիմնական անդամ, հետևելով նաև ԱԺ նախագահի գործուղման մասին կարգադրությանը, պատրաստվում էր մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ-ին, որի օրակարգը բավականին հագեցած է և առնչվում է ՀՀ-ին։ Գևորգյանը դիմում է ներկայացրել դատարանին և ՀՔԾ-ին՝ խնդրելով թույլատրել այդ ժամանակահատվածում բացակայել, ներկայացրել փաստաթղթերը, սակայն սեպտեմբերի 24-ին ստացել է մերժում, որ սեպտեմբերի 28-ին նշանակված է հերթական դատական նիստը և իր ներկայությունը պարտադիր է, հետևաբար իր խնդրանքը չի կարող բավարարվել։ Երկրորդ դիմումն է ներկայացվել, որը ևս մերժվել է։

«Ես պատրաստվում էի ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացնել գերիների հարցը, թե ինչ է անում ԵԽ-ն, որ այդ մարդիկ շուտափույթ վերադառնան իրենց տուն, հայրենիք»,-նշել է պատգամավորը։

Բացի այդ՝ Գևորգյանը պատրաստվում էր ԵԽԽՎ ներկայացուցիչներին անձամբ հանձնել ՄԻՊ-ի զեկույցները, սակայն փաստացի այս պահին զրկված է այդ զեկույցները ԵԽԽՎ տարբեր ներկայացուցիչների հետ տեղում քննարկելու հնարավորությունից։ Գևորգյանը ցանկություն է ունեցել նաև հանդիպելու մարդու իրավունքների հանձնակատարի հետ։

«Եթե դատարանը կարողանում է դատական նիստը հետաձգել, որովհետև պետք է գնա վերապատրաստումների, ինչո՞վ էր առաջնորդվում դատարանը, որը կարող էր ընդամենը մեկ շաբաթով հետաձգել նիստը, որ պատվիրակությունը լիարժեք կարողանար ներկայանալ խորհրդաժողովի»,- նշեց Գևորգյանը:

Գևորգյանը վստահ է՝ դատական գործընթացը տեղի է ունենում ինչ-որ անադեկվատության մթնոլորտում։