կարևոր
2767 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-28 14:38

Անդրանիկ Քոչարյանը մերժեց Արթուր Ղազինյանի՝ հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու հարցը օրակարգ ներառելու առաջարկը

Անդրանիկ Քոչարյանը մերժեց Արթուր Ղազինյանի՝ հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու հարցը օրակարգ ներառելու առաջարկը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն առաջարկեց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ստեղծել ենթահանձնաժողով, որը պետք է պարզի՝ հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու հանգամանքները, պատճառները և այդ որոշման մասնակից անձանց շրջանակը:

«Ռուսաստանը հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը կանգնեցնել։ Ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք ընդամենը, եթե չեմ սխալվում, 356 զոհ՝ պաշտոնական տվյալներով։ Այսօր ունենք 3900-ին մոտ զոհ։ Եթե հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգներ, կունենայինք մոտավորապես 3600-ից պակաս»,-ասաց Ղազինյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մերժեց այդ հարցը օրակարգ ներառելու առաջարկը, փոխարենը առաջարկեց այդ հարցը քննարկել արտահերթ նիստով:

«Իմ առաջարկը մերժվեց, իշխանությանը հետաքրքրիր չի պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այս առաջարկի մերժումը, որտեղ կարող էին հազարավոր մարդիկ չզոհվել: Դա ձեր գլխացավանքն է, ձեր պատասխանատվությունն է: Ես այստեղ մնալու ցանկություն չունեմ»,-ասաց Արթուր Ղազինյանը և լքեց նիստերի դահլիճը:

Ավելի վաղ հայտել էինք, որ քվեարկության արդյուքնում Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։