կարևոր
364 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-28 14:10

Դատարանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին հանդես գալ հայտարարությամբ. դատական նիստը հետաձգվեց

Դատարանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին հանդես գալ հայտարարությամբ. դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատավարության մասնակիցներին Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դիմումը։ Նա հայտնել է, որ ստանձնել է Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը, նաև տեղեկացրել է՝ չի կարող ներկայանալ այս դատական նիստին նախապես նշանակված այլ դատական նիստին մասնակցելու պատճառով, նաև խնդրել է ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար։

Արմեն Գևորգյանի պաշտպանությունը կիրականացնի նաև փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա հայտարարեց, որ իր պաշտպանյալը հայտարարություն ունի անելու։ Դատարանը չթույլատրեց հանդես գալ հայտարարությամբ և պաշտպանին տվեց ողջամիտ ժամկետ (ըստ դատարանի)՝ մեկ շաբաթ, գործին ծանոթանալու համար:

Լուսինե Սահակյանին որպես պաշտպան ներգրավվելու հարցի քննարկման ժամանակ դատախազներից մեկն ասաց՝ առարկություն չունի, իսկ Գևորգ Բաղդասարյանը հարցրեց, ինչպե՞ս են պատկերացնում մի մեղադրանքով Սահակյանը պաշտպանում է Գևորգյանին, մյուսով՝ ոչ։

Փաստաբանն էլ դատախազին հիշեցրեց՝ նախ վերաքննիչ դատարանը դատական ակտ չի կայացրել, ապա կարծիք հայտնեց, որ անձն իրավունք ունի ընտրել իր պաշտպաններին, որոնք պետք է ներկայացնեն իրեն տարբեր գործերով, մեղադրանքներով,  պաշտպանվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։

Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր մոտ տպավորություն է, թե Դանիբեկյանն ուղղակի ուզում է Արմեն Գևորգյանին զրկել պաշտպան ունենալու հնարավորությունից։

«Ես 25 տարի փաստաբան եմ, բազմաթիվ դատավարությունների մասնակցել եմ, չի եղել դատարան, ով արգելում է պաշտպանին կամ պաշտպանյալին, որ նա իրացնի իր իրավունքները, այդ թվում, հայտարարություններ կամ առարկություններ ներկայացնել։ Եթե ձեզ թվում է, որ այստեղ պետք է հայտնվի ինչ-որ մի պաշտպան, որը պետք է տեսնի, թե ինչպես են իր պաշտպանյալի իրավունքները խախտվում ու պետք է ուղղակի նստի, ես սովոր չեմ դրան, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, որ հարգեք Քրեական դատավարության օրենսգիրքն ու արդարադատություն իրականացնեք: Դատարանն ամեն ինչ անում է՝ այս դատավարության ընթացքը չշարունակվի», - ասաց Լուսինե Սահակյանը։

Դատավորը կարգադրիչներին հրահանգեց Լուսինե Սահակյանի ձեռքից վերցնել խոսափողը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ այն դատավարությունը, որն իրականացնում է Աննա Դանիբեկյանը, էապես շեղվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքից։

«Ես արդեն ոչ թե խնդրում եմ, այլ պահանջում եմ դատարանից, որ դատարանը դատավարությունն իրականացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգի համաձայն», - ասաց Ալումյանը։

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին։