կարևոր
691 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-28 12:55

52 քաղաքացիական անձ սպանվել է բնակության վայրում, 11-ը` աշխատանքի. հրապարակվել է ԱՀ ՄԻՊ-ի զեկույցի թարմացված տարբերակը

52 քաղաքացիական անձ սպանվել է բնակության վայրում, 11-ը` աշխատանքի. հրապարակվել է ԱՀ ՄԻՊ-ի զեկույցի թարմացված տարբերակը

Հրապարակվել է քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ ԱՀ ՄԻՊ-ի զեկույցի թարմացված տարբերակը՝ դեպքերի հակիրճ նկարագրություններով.

«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։

Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման և ներխուժման հետևանքով զոհված քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը։ Յուրաքանչյուր քաղաքացիական զոհի սպանության հանգամանքների վերաբերյալ զեկույցում ներկայացված է հակիրճ նկարագրություն։

Մինչև 2021թ․ սեպտեմբերի 27-ը հավաքագրված տվյալներով պարզվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձի ինքնությունը։ 42 քաղաքացիական անձ սպանվել է ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների՝ ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, իսկ 38 քաղաքացիական անձ սպանվել է ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ անմիջական միջոցների կիրառմամբ: 80 քաղաքացիական զոհից 68-ը տղամարդ, 12-ը կին։ 52 քաղաքացիական անձ սպանվել է բնակության վայրում, 15-ը` հասարակական վայրում, 11-ը` աշխատանքի վայրում, 1-ը` ադրբեջանական բանտում։ Քաղաքացիական զոհերի թվում մեծամասնություն են կազմում 63 և ավելի տարիք ունեցող անձինք։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով: Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։

Զեկույցը պատրաստվել է փակ և հրապարակային տարբերակով։ Փակ զեկույցում ավելացված են բազմաթիվ լուսանկարներ՝ ներկայացնելով զոհերին մահից առաջ ու հետո: Հրապարակային զեկույցը պատրաստվել է առանց լուսանկարների՝ հաշվի առնելով դրանցում առկա դաժան ու զգայուն պատկերները:

Զեկույցի փակ տարբերակն ուղղարկվել է միջազգային համապատասխան կառույցներին:

Հրապարակային տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://artsakhombuds.am/hy/document/785»