Առողջապահական Հասարակական Կազմակերպությունը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով նախարարից N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն:
Կազմակերպության նախագահ բժիշկ Հովհաննես Գևորգյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այդ որոշմանը, քանի որ այն հակասահմանադրական է եւ ոտնահարում է մարդկանց իրավունքները, նաեւ նշեց, որ առողջապահության նախարարությունը փակել է ամբողջ առողջապահական ծառայությունների ֆինանսները:
Որոշ ժամանակ անց ոստիկաններից մեկը մոտեցավ բժշկին եւ զգուշացրեց, որ եթե հասարակական կարգը խախտի, նրան բերման կենթարկեն: Դրանից մի քիչ հետո իսկապես բժշկին բերման ենթարկեցին:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Անհասկանալի էր այդ քայլը: Երբ փորձեցինք ճշտել, թե որ բաժին են տանում, ինձ էլ փորձեցին բերման ենթարկել: Մինչեւ հիմա չգիտենք նրան որտեղ են տարել»:
Մասնակիցները նշել են, որ նախկինում ՊՇՌ թեստը եղել է 20 հազար դրամ, հիմա ինչ-որ կախարդական ձեռքով դարձել է 5-6 հազար դրամ: Դա նշանակում է, որ Առողջապահության նախարարությունում մեծ կոռուպցիոն ռիսկեր է եղել: Մեր պահանջը դա է եւ այն, որ չպարտադրեն մարդկանց պատվաստվել»:
«Մեր պահանջներից մեկն էլ այն է, որ մարդկանց չստիպեն՝ Սահմանադրությամբ մարդիկ իրենց կյանքի ու առողջության տերն են, և իրավոնք չունեն պարտադրել ու ազատել մարդկանց աշխատանքից։ ՀՀ-ում՝ գործազրկության բարձր աստիճան ունեցող պետությունում մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, սա նշանակում է, որ պետությունը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս քաղաքացիներին»,- ասաց հավաքվածներից մեկը։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ 3 մարդ բերման է ենթարկվել: