կարևոր
568 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-27 16:21

Պատերազմի արդյունքը նաև ինչ-որ պայմանավորվածությունների հետևանք էր. Վահրամ Բալայան

Պատերազմի արդյունքը նաև ինչ-որ պայմանավորվածությունների հետևանք էր. Վահրամ Բալայան

Պատերազմի արդյունքը նաև ինչ-որ պայմանավորվածությունների հետևանք էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը։

«Ադրբեջանը միշտ էլ սպառնում էր, որ հարցը պատերազմի միջոցով կլուծի, բայց որ պատերազմի արդյունքը նաև ինչ-որ պայմանավորվածությունների հետևանք էր, դա տեսանելի է․ դժվար է ասել, թե ով ինչ պայմանավորվածություններ է ունեցել, բայց որ կար, դա տեսանելի է»,-ասաց նա։

Իբրև պայմանավորված պարտության վկայությունը նա բերեց ադրբեջանցիների՝ 40-43 կմ անտառով գալը և Շուշին գրավելը։

«1500-2000 հոգով գալ, հասնել Շուշի, այդպիսի աշխարհագրական տարածքով համարյա առանց տեխնիկայի՝ ավտոմատով, գալ և գրավել բերդաքաղաքը և կարողանալ պահել․․․ սա խոսում է նրա մասին, որ հնարավոր է ինչ-որ բան եղել է, բայց ինչ է եղել, ոնց է եղել, դա ժամանակը ցույց կտա»,-ասաց Վահրամ Բալայանը։

ՀՀ գործող իշխանությունները նաև խեղաթյուրեցին Արցախի հարցի միջազգային ընկալումը․ ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարից այն վերածվեց Ադրբեջանից Հայաստանի տարածքային պահանջի, հետևապես, Ադրբեջանի կողմից Արցախի զգալի հատվածը պատերազմով գրավելը ընկալվեց ոչ թե իբրև ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքի խախտում, այլ բնականոն մի բան։

Նա նկատեց, որ Հայաստանին ագրեսորի կերպարով ներկայացնելուն Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշակի չափով նպաստեցին լոզունգներով, որ՝ Արցախը Հայաստան է, և ընդհանրապես, Արցախի սուբյեկտայնությունը հասցնելով զրոյական մակարդակի։

«Այս հանգամանքը բերեց նրան, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով իր նպատակին հասնելը միջազգային հանրության առջև ներկայացրեց իբրև արդարացի պահանջ․ պատերազմի օրերին համարյա թե միջազգային կառույցների և գերտերությունների կողմից ադեկվատ արձագանք չկար այն իմաստով, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ էր կատարում, խաղաղ բնակիչներ էին զոհվում, վերջիվերջո, մի երկրի տարածք էր նվաճվում և այլն»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Ամենավտանգավոր հանգամանքը, նրա համոզմամաբ, այն էր, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հասարակությունը երկու մասին բաժանվեց՝ սևերի և սպիտակների։

«Սա ամենակործանարարն էր մեզ համար, որովհետև, ցավոք սրտի, տարածքով փոքր ժողովուրդ ենք և սա մեզ համար կործանարար եղավ, ինչը չէինք ասի Արցախի առաջին պատերազմի ժամանակ, երբ հասարկությունը իր ներուժը մեկտեղեց՝ թե՛ Արցախը, թե՛ ՀՀ-ն և թե ՛Սփյուռքը, և մենք հասանք հաղթանակի։ Ամենավտանգավոր պահը սա է եղել և, ցավոք սրտի, առայսօր էլ այդ բաժանումը, հասարակության թշնամական տրամադրվածությունը թույլ չի տալիս, որ երկիրը շնչի»,- ասաց Վահրամ Բալայանը։

Այս վիճակից ելք, նրա համոզմամբ, կա. անհնարին ոչինչ չկա, եթե երկիրը ճիշտ ճանապարհով տարվի․ մասնավորապես՝ բանակի վերազինում, բարոյահոգեբանական մակարդակի բարձրացում, հանրության միասնականության վերականգնում, տնտեսության ագրեսիվ զարգացում՝ շատ արագաթափ աճի ապահովում, ռազմաարդյունաբերության հզորացում, կրթական մակարդակի բարձրացում։ Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել, ասաց Վահրամ Բալայանը, որ արագ վերականգնվենք և տարածաշրջանում ունենանք մեր ինքնուրույն դեմքը, որը, ցավոք սրտի, այսօր չունենք»։