կարևոր
1729 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-27 11:17

Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ Սրբազան

Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ Սրբազան

Մեկ տարի է անցել այդ օրից, մեկ տարի, որ 100 տարվա տևողություն և պարունակություն ունի: Մեկ տարի՝ այդ օրից, երբ մենք բազմաթիվ զոհերի, վիրավորների, բազմաթիվ անհայտ կորածների, գերեվարության մեջ մնացած մեր եղբայրների, հայրերի, զավակների փաստի առջև ենք կանգնած: Այս մասին երեկ Վարագա Սուրբ Խաչի տոնին Նոր Վարագավանքում քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Անցյալ տարի Վարագա Սուրբ Խաչի տոնին, երբ մենք պատերազմի գույժը լսեցինք, ես խնդրում էի Տիրոջը, որ մեզ չամաչեցնի, մոռացել էի խնդրելու, որ մենք իրեն չամաչեցնենք։ Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը և դրանից հետո շարունակվող անկումի հետևողական ընթացքը։

Ես չէի էլ պատկերացնում՝ ինչ եմ խնդրում, որովհետև մեր ըմբռնումները, պատկերացումները, ապրումներն ու ցանկություններն այնպիսին էին, որ մենք մարդկայնորեն չամաչենք որպես հայ քրիստոնյա մարդիկ, որ չամաչենք այն սպասվելիք արդյունքներից կամ հետևանքներից, որը դժբախտաբար լինելու էր պատերազմի պատճառով: Մենք այդ խնդրանքի և աղոթքի մեջ էինք, ով Տեր, խնդրում եմ քո սուրբ խաչի խորհրդով՝ չամաչեցնես մեզ: Ես հավատում եմ, որ Աստված չամաչեցրեց մեզ, թույլ տվեց՝ ստորանալու, նվաստանալու, անշուշտ նրանց, ովքեր ապրում են և զգում են: Թույլ տվեց, որ մեր գործած հանցանքի և մեղքին գիտակցություն ունենալու անդրադարձը, պատկերացնելու, թե ինչ հոգեվիճակում ենք մենք ապրել և այդ ամենը բացահայտվեց մեր աչքերի առջևր, ինչ են մեր արժեքները կյանքում, ուր են մեր սրտերը, ուր են մեր գանձերը»,-նշեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ կեղծիքը բացահայտվեց մեր առջև, սուտը արտահայտվեց ամբողջությամբ, ինչի վրա էինք կառուցել մեր կյանքը, մտքերը, մտածումները:

«Երբ մեր հայրենիքի արցախական աշխարհի և Հայաստանի կորուստ ունենք, ուղղակի հայրենիքի կորուստ: Լավ լսեք, հայրենիքի կորուստ: Ոչ մի այլ բան՝ հայրենիքի կորուստ, ինքնության կորուստ: Այդ հայրենիքը միայն սոսկ հողի, տարածության սահման չէ, այդ հայրենիքը մեր ողջ գիտակցությունը, ինքնությունը, մեր անցյալը, ներկան, մեր ողջ արժեհամակարգն է, այն արժեքն է, որի մեջ և համար ապրում ենք, որի համար այստեղ ենք գտնվում և ունենք հայրենիքի կորուստ»,-նշեց Բագրատ Սրբազանը:

«Խաղաղությունը տարբեր ճանապարհներ ունի՝ մուրացող և հաղթանակող։ Խաչի խորհուրդը մուրացող խաղաղության մասին չէ։

Հիսուսը չմուրաց իրեն չսպանել, այլ ասաց-«Հայր, հեռացրու այս բաժակն ինձնից, բայց թող իմ կամքը չլինի, այլ Քո կամքը։ Ես ուզում եմ Քեզ չամաչեցնել և գնում եմ այս խաչի ճանապարհով, որի վերջնակերտը հարության հաղթանակն է։

Հիմա փորձում ենք պատրաստել «քաղաքացիներ», բայց ոչ երբեք «մարդ» կերտել, ոչ երբեք «հայ» կերտել, ոչ երբեք հայության գիտակցության բացարձակ արժեք եղող «քրիստոնյա հայ» կերտել, ոչ որպես «ազգ» կերտել, այլ «հասարակություն»՝ մարդկանց խումբ»,-նշեց Սրբազանը: