կարևոր
433 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-27 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ վարժարանի սաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ վարժարանի սաներին

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության վարժարանի ավարտական լսարանի սաներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Խուան Բալյանի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով պատանի հայորդիներին, ուրախությամբ արձանագրեց, որ  տարիներ առաջ ձևավորված վարժարանի ավարտական լսարանների Հայաստան և Մայր  Աթոռ այցելության ավանդույթը այժմ վերականգնվել է: Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց շրջանավարտներին ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը, որպեսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն արգենտինահայ համայնքի առավել աշխուժացմանը և հայրենիքի հզորացմանը:

Հանդիպմանը Հայոց Հովվապետը գուհանակությամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկում առանձնահատուկ կազմակերպվածությամբ, հայ կյանքի և ազգային արժեքների նախանձախնդիր պահպանմամբ, ինչի ականատեսն ու վկան է եղել Արգենտինա կատարած իր հովվապետական այցելությունների ժամանակ: