կարևոր
595 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-27 08:50

Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց 44-օրյա պատերազմը

Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց 44-օրյա պատերազմը

Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ի լուսաբացին, Արցախա-ադրբեջանական սահմանին թշնամին խախտեց հարաբերական անդորրը՝ սանձազերծելով ռազմական գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, կարողացան գրավել Վարանդան, Ջրականը, Հադրութը, Կովսականն ու Շուշին: Նաև նշված բնակավայրերին մոտ գտնվող որոշ տարածքներ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը հրթիռային հարձակումներով թիրախավորեց նաև Արցախի խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Թշնամու կողմից օգտագործվում էին հիմնականում ժամանակակից թուրքական զենքեր և զինամթերք, ԱԹՍ-ներ և ինքնաթիռներ:

Հարձակումից ժամեր անց հաղորդվեց առաջին քաղաքացիական տուժածների մասին. Մարտունիում սպանվեց 1 կին և իննամյա աղջիկ:   

Արցախի նախագահը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարեց 18-ից բարձր տարիքային խմբի համար: ՀՀ-ում ևս հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: 

Ադրբեջանի Զինված ուժերը, որը գլխավորապես հրթիռներ էր արձակում Արցախի վրա, նաև հրթիռակոծեց Հայաստանի տարածքին՝ Վարդենիսի ուղղու­թյամբ:

 Արցախյան երկրորդ պատերազմը  տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին կապիտուլացիոն համաձայնագրով, որը ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից:  

Պատերազմի հենց առաջին օրը Արամ Մանուկյանի արձանի մոտ Դաշնակցության «Շուշիի առանձնակի գումարտակ»-ի հիման վրա գործող Կամավորական շարժման համակարգողների կոչով  կամավորական սկզբունքով բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին։ Նրանք առաջիններից էին որ մեկնեցին ռազմաճակատ։

Պատերազմի 44-րդ օրը միայն հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին: Մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանի հանձնում, Արցախի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորներ, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և մեծ անորոշություն ու բազմաթիվ հարցեր: Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն պայմանագրից հետո: