Խորհրդարանում այսօր իրավական ոլորտի ներկայացուցիչներն են: Նպատակը Սահմանադրությանը հակասող՝ գործող իրավական ակտերն ու ՍԴ-ում վիճարկելու հիմքերն են: Նրանց օրենսդիր են հրավիրել ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Խորհրդարանական ընդդիմությունը կարող է յուրատեսակ կամուրջ դառնալ, որի միջոցով պրոֆեսիոնալ հանրությունը կկարողանա կապ պահպանել Սահմանադրական դատարանի հետ՝ քննարկման համար որոշակի խնդրահարույց հարցեր ներկայացնելով:
Արամ Վարդեւանյանը նշում է բարձր դատարան դիմելու գործիքակազմից հնարավորինս հետեւողականորեն փորձում են օգտվել:
«Այս ընթացքում ՍԴ 6 դիմում է ներկայացվել: Դրանցից վերջինը, օրինակ, պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանը կասեցնելու պահանջով է»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն էլ անդրադարձավ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու համար քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացի իրավաչափությանը:
«Ակնհայտ է, որ իշխանական աթոռներին այսօր նստած անձինք իրենց փոքրիշատե դուրեկան ցանկացած միտք կարողանում են անցկացնել իրավական ձեւական բոլոր ընթացակարգերով եւ դարձնել օրենք, որը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնում եւ պրակտիկ կիրառման տեսանկյունից, եւ ՀՀ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների տեսանկյունից»:
Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է․ Ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանն էր պայքարում այդ խնդրի դեմ, իսկ այժմ, քրեականացնելով վիրավորանքը, այն իր ձեռքին դարձրել է դագանակ:
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այն ժամանակ նույնպես քրեական հետապնդման էր ենթարկվում վիրավորանքի համար: Սրանք փաստարկներ են, որոնք այս ինստիտուտի ոչ միայն իրավական, այլեւ բարոյական կողմն են կասկածի տակ դնում»:
Արդեն մեզ հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծում է՝ մեր երկրում քաղաքացիների իրավունքների սահմանափակմանն առնչվող դրսեւորումներն ու իրավական այլ խնդիրներն այնքան բազմազան են, որ հարկավոր է բյուրեղացնել առաջնահերթները:
Լայնածավալ հարցեր կան` սկսած ՏԻՄ ընտրություններից, համայնքների միավորման ժամանակ հանրության կարծիքը սահմանափակելուց, վերջացրած մարդու ազատությունները սահմանափակելով, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայնածավալ կիրառմամբ: «Ոստիկանի օրինական պահանջ» բառերի տակ թաքնվում է ոստիկանի ցանկացած պահանջ եւ պարզ չէ, թե ինչն է օրինականությունը:
Իրավաբանական համայնքի ներկացացուցիչների խոսքով՝ նշված այս հարցերը ընդամենը մի փոքր մասն են խնդիրների շատ մեծ բազմության, որն այսօր հուզում է իրենց:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։