կարևոր
355 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-25 23:04

Հանդիպել են ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները կարելի է հայտարարել վերսկսված: 2020թ. նոյեմբերից ի վեր առաջին անգամ Նյու Յորքում երեք երկրի՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդների մասնակցությամբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: 

Արցախի 44-օրյա պատերազմը դարձավ նոր աշխարհակարգի ձեւավորման ռեգիոնալ ազդակ, որը փոխեց ռեգիոնում ուժային բալանսը: Այսինքն՝ ռուսների առաջնահերթությամբ, թուրքական ներգրավվածությամբ տեղի ունեցան որոշակի գործընթացներ պատերազմի արդյունքում, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատ որոշ առումով արժեզրկվեց:

Բաքուն տեւական ժամանակ մերժում էր Մինսկի խմբի ձեւաչափին կենդանություն հաղորդելու բոլոր ջանքերը՝ պնդելով, թե հակամարտությունն արդեն լուծված է: Իլհամ Ալիեւն ամիսներ առաջ անգամ ասել էր, թե դեռ չգիտի՝ ինչով է զբաղվելու Մինսկի խումբը, ապա հեգնել էր՝ նրանցից ստեղծագործական գաղափարներ են ակնկալում:
Ադրբեջանը հասկացավ, որ այնուամենայնիվ այստեղ շահերը գերտերությունների հետ են կապված, եւ կոշտ դիրքորոշումը պնդել մինչեւ վերջ իր համար շահեկան չի լինի:

Նյույորքյան հանդիպումը համանախագահները գնահատում են որպես ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրի վճռականության նշան: Ու դա, նրանց կարծիքով, կարող է նպաստել տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը ու բարգավաճմանը: Մինսկի խմբի հայտարարությունում առանց մանրամասների նաեւ նշվում է, որ չլուծված հարցերի լայն շրջանակ են քննարկել: Բացի այդ, մեզ չհաջողվեց ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի արտգործնախարարության խոսնակից պարզել, թե ինչ միջոցների մասին են խոսում եռանախագահներն այս պարբերությունում:

Միջնորդները կոնկրետ, նպատակաուղղված միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացման ու հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ:
Արցախի կարգավիճակի, բուն հակամարտության վերջնական կարգավորման ու դրա հիմքում ընկած սկզբունքների մասին միջնորդների հայտարարությունում ոչինչ չի ասվում: Հայկական կողմի հաղորդագրությունից պարզապես տեղեկանում ենք, որ Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա հակամարտության տեւական եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը: 

Ամեն դեպքում, այս հանդիպմանը եւս Միզոյանը կարեւորել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդները շուտափույթ եւ անվերապահ հայրենիք վերադարձվեն:Ադրբեջանական կողմն էլ հայտնում է, որ Բայրամովը հակառակ կողմին է փոխանցել հետհակամարտային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում