Երեկ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի դիմումը եւ փաստացի խոչընդոտել Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին։
Ավելի ուշ պարզ է դարձել, որ, ի համերաշխություն իրենց գործընկերոջը, Ստրասբուրգ մեկնելուց հրաժարվել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Մեր այս քայլը յուրօրինակ բողոքի ձև է և իշխանություններին ուղղված հստակ ազդակ։ Չունենալով պետության և պետականության հանդեպ տարրական հարգանք՝ իրենք պարզապես չեն հասկանում կամ գիտակցում, որ իրենց այդպիսի ճղճիմ քայլերով ոչ թե ընդդիմությանն են վնասում, այլ պետության միջազգային հեղինակությունն են թուլացնում և հերթական անգամ ցածրացնում մեր երկիրը օտարի առջև։ Սա իրենք պետք է մի օր ընկալեն, եթե իհարկե, ի վիճակի են»,- մեկնաբանելով իր քայլը նշել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։