կարևոր
496 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-25 15:48

Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան

Բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան

Մտահոգիչ է իրավիճակը, բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք աղերսներ ունեն Սահմանադրության հետ։ Կարծում եմ նման հանդիպումները օգտակար են, քանի որ փաստաբանները ամենօրյա աշխատանքում հաճախ են նկատում շատ լուրջ խախտումներ։ Այս մասին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը՝ ՍԴ ներկայացնելու նպատակով» քննարկման շրջանակում կայացած ճեպազրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա նշեց, որ նման հանդիպումներն օգտակար են, քանի որ իրավաբաններն ու փաստաբաններն իրենց առօրյա գործունեության ընթացքում նկատում են շատ լուրջ խախտումներ։

«Այսօրվա քննարկման նպատակն է բյուրեղացնել առավել առաջնահերթ խնդիրները և միավորել այն իրավաբանների ուժերը, որոնք մտահոգ են ստեղծված իրավիճակով, որպեսզի առավել արդյունավետ հասնենք սահմանադրական կարգի վերականգնմանը։

Այնքան լայնածավալ հարցեր կան՝ սկսած տեղական ընտրություններից, համայքների միավորման ժամանակ հանրության կարծիքը սահմանափակելուց վերջացրած  մարդու ազատություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայնածավալ կիրառմամբ, անհասկանալի բառեր օգտագործելով, ինչպես, օրինակ, «ոստիկանի օրինական պահանջ» բառերի տակ թաքնվում է ոստիկանի ցանկացած պահանջ և պարզ չէ, թե ինչն է օրինականությունը։ Հընթացս նշված այս հարցերը ընդամենը մի փոքր մասնիկն են խնդիրների շատ մեծ բազմության, որն այսօր հուզում է իրավական հանրությանը»,- ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ ընդդիմադիրների, նախկին պաշտոնատար անձանց հասցեին հնչած վիրավորանքներն այսօր էլ նույն սոցիալական հարթակներում շարունակվում են:

Նրա խոսքով՝ այսօր կարելի է իշխանությունների ընդունած վիրավորանքի քրեականացման դրույթն օգտագործել հենց ընդդիմությանը վիրավորելու բազմաթիվ դեպքերին:

«Ընդդիմադիր նախկին պաշտոնյաների վիրավորանքներն առաջին հերթին պայմանավորված են նրանց կողմից նախկինում պաշտոն զբաղեցնելու հետ: Ես ենթադրում եմ, որ տակտիկապես պետք է ուղղակի Ոստիկանությանը և Դատախազությանը դնել համապատասխան փաստի առաջ, այսինքն` ուղղակի հրապարակավ հայտնել կատարված հանցագործության մասին ու թող մարդիկ շարունակեն մերժել քրեական գործերի հարուցումը»,-հայտնեց նախկին նախարարը և պնդեց, որ երբ իշխանությունները կսկսեն մերժել ընդդիմադիներին վիրավորելու դեպքերով հայցերը, ապա դրանց ցույց կտան, որ այդ օրենքի ընդունումն ակնհայտորեն քաղաքական ուղղորդում ունի: