կարևոր
3037 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-25 12:06

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների վերջերս նշանակված հրամանատարը հեռանում է. նրան կփոխարինի Գենադի Անաշկինը

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների վերջերս նշանակված հրամանատարը հեռանում է. նրան կփոխարինի Գենադի Անաշկինը

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում է: Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը:

Գենադի Անաշկինը ժամանակին ծառայել է Հարավսլավիայում, մասնակցել Չեչնիայի պատերազմներին ու Հարավային Օսեթիայի հակամարտությանը։

Ըստ կայքի տեղեկությունների ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս պահին ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության և ՌԴ ՊՆ պատվիրակության հանդիպումը: Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար էր նշանակվել Ռուստամ Մուրադովը։ Վերջերս նա ավարտել է իր առաքելությունը, որից հետո այդ պաշտոնում նրան կարճ ժամանակով փոխարինեց գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Այժմ էստաֆետը փոխանցվում է Գենադի Անաշկինին։

Գենադի Վլադիմիրի Անաշկինը 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2000 թվականի օգոստոս ծառայել է նախկին Հարավսլավիայում, որտեղ Բոսնիա և Հերցեգովինայի խաղաղապահ ուժերի կազմում եղել է պարաշյուտադեսանտային գումարտակի հրամանատար։

2007 թվականի հունիսից եղել է 104-րդ գվարդիական դեսանտագրոհային գնդի հրամանատար (76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիա, Պսկով)։ Անաշկինի հրամանատարության տակ գտնվող խումբը 2008 թվականին մասնակցել է Հարավային Օսեթիայի մարտական գործողություններին։

2009 թվականի օգոստոսից զբաղեցրել է 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2010 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի հունվար 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել։

2014 թվականի օգոստոսից զբաղեցրել է Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2017 թվականի հուլիսից ՀՌՕ 8-րդ գվարդիական համազորային բանակի հրամանատարի տեղակալն է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ավելի քան երկու շաբաթ առաջ, մեկնում է ծառայության հիմնական վայր։

Հիշեցնենք, որ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Արցախում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ: