կարևոր
718 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 19:17

Ադրբեջանի կողմից Արցախի պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի դրսևորում է. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի դրսևորում է. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են։

Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ։

Պետականության խորհրդանիշները Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնությունը պահպանելու և ինքորոշման իրավունքի խորհրդանիշներն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ինքնին ուղղված է մեր ժողովրդի արժանապատվության և իրավունքների ընդհանուր համակարգի դեմ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, պոկել են Արցախի դրոշը։