կարևոր
5251 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-24 19:10

Ադրբեջանի նախագահը շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքներ, և դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լռել․ Ագնեսա Խամոյան

Ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքներ, և դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լռել: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Շարունակելու եմ այդ հարցը պնդել, թե ինչ հարցազրույց է Նիկոլ Փաշինյանը տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը եթեր պետք է հեռարձակվել սեպտեմբերի 25-ին, բայց այդպես էլ եթեր չհեռարձակվեց: Հիշեցնեմ, որ այդ հարցազրույցի բովանդակությունն էր՝ պայթեցնել իրավիճակն Ադրբեջանում: Ալիևը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը, որ եղել է 3 կողմերից երկուսի միջև»,-նշել է պատգամավորը:

Ագնեսա Խամոյանը հիշեցրեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, որ պատերազմի 3-րդ օրը զեկույց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, որ մենք կռվելու ռեսուրսներ չունենք: Այսինքն հոկտեմբերի 7-ին մեր ռեսուրսներն արդեն սպառված են եղել:

«Հոկտեմբերի 7-ին մենք կորցրած չենք եղել Հադրութը, Շուշին և ենթադրելի է, որ պատերազմը կանգնեցնելու պայմանները շատ ավելի բարենպաստ են եղել, քան այն, ինչ կար նոյեմբերի 9-ին»,-ընդգշել է Խամոյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադարձել է նաև խորհրդարանում ընդդիմության գործունեությանը և նշել, որ Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է հանի կոստյումը, որը կարված չէր իր համար, բայց ինքը հիմա վերաձևումներ է անում։

«Մենք օգտվում և օգտվելու ենք բոլոր այն հնարավորություններից, որոնք ընձեռնված է մեզ որպես խորհդարանական ընդդիմություն և շարունակելու ենք օգտվել  և դա չի նշանակում, որ  մենք սահմանափակվելու ենք միայն խորհրդարանով։ Այս իշխանությանը հնարավոր չէ հեռացնել միայն խորդարանական պայքարով»,- նշել է Խամոյանը։