կարևոր
1804 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-24 17:56

Կյանքից հեռացել է Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը

Կյանքից հեռացել է Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը

72 տարեկանում կյանքից հեռացել է Հանրապետության նախագահի խորհրդական, թարգմանիչ, դիվանագետ Համլետ Արամայիսի Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից:

«Համլետ Գասպարյանը իր երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր: Նա այդպիսին էր թե՛ կյանքում, թե՛ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում, թե՛ մարդկային հարաբերություններում:

Համլետ Գասպարյանը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ:

Համլետ Գասպարյանը մի առանձին սեր ու համակրանք ուներ Շառլ Ազնավուրի հանդեպ: Ազնավուրի հեղինակած ու Ազնավուրի մասին գրեթե բոլոր գրքերը, որոնք հայերեն հասանելի են ընթերցողին, իրենց վրա ունեն Համլետ Գասպարյանի անխոնջ աշխատանքի կնիքը:

Համլետ Գասպարյանի լրագրողական դպրոցն ինքնատիպ վարպետության դասընթաց էր, որի միջով անցան բազում լրագրողներ, որոնք այսօր էլ հայտնի դեմքեր են հայկական լրատվական դաշտում: Նա իր գործի իսկական մասնագետն էր, պետական արժանապատիվ պաշտոնյա, ազնիվ ընկեր ու ընտանիքի նվիրյալ հայր:

Հանրապետության նախագահի աշխատակազմը ցավակցում է Համլետ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց ծանր վիշտը»:

Աշխատանքային գործունեություն

Համլետ Գասպարյանը՝ 1997-1998թթ.-ին եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրենը,  2002-2003թթ. աշխատել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչությունում որպես խորհրդական, այնուհետև նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ, մամուլի և տեղեկատվության վարչության պետ:

2008-2009թթ․ եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև 2010-2017թթ․ Ռումինիայում ՀՀ դեսպան, իսկ 2014-2017թթ․ Չեռնոգորիայում ՀՀ դեսպան:

2018թ. փետրվարի 12-ին նշանակվել է ԱԳՆ քաղծրագրավորման վարչության պետ-նախարարի խորհրդական:

2018թ. ապրիլի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական: