կարևոր
3352 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 21:11

Ալիեւի պնդմամբ՝ պատերազմը կարող էր կանգնեցվել հոկտեմբերի 7-ին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ադրբեջանի նախագահ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված բացառիկ հարցազրույցում պնդում է, որ հայկական կողմը չի ընդունել պատերազմն ավելի շուտ դադարեցնելու առաջարկը:

Ալիեւը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվան մշտական կապ էր պահպանում պատերազմող կողմերի հետ ամենաբարձր մակարդակով։ Նա մանրամասնել է, որ պատերազմի մեկնարկից հետո ինքն ու Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը։

Այդ ժամանակ պատերազմի մեկնարկից արդեն տասը օր անցել էր, և քննարկել են հարցեր, թե ինչ է պետք անել, որ պատերազմը դադարեցվի։

«Ռուսաստանի նախագահն իր հարցազրույցներից մեկում այդ օրերի մասին արդեն խոսել է և ներկայացրել այդ պահին եղած առաջարկները, որոնց ռուսական կողմը աջակցել է, և ես էի ներկայացրել, սակայն հայկական կողմը մերժել է, և կարծում եմ, որ դրանով էլ կատարել է իր ճակատագրական ու ողբերգական սխալը, քանի որ եթե այդ առաջարկներն ընդունվեին, որոնք ես էի ներկայացրել, և Ռուսաստանը աջակցել էր, ապա պարտությունը այդքան ստորացուցիչ չէր լինի, և հազարավոր զինվորականներ՝ թե՛ մեր կողմից, թե՛ հայկական կողմից, ողջ կմնային։ Այսինքն՝ այդ զոհերի համար պատասխանատուն հենց հայկական ղեկավարությունն է, որն առնվազն երկու անգամ պատերազմի ժամանակ պատմական պահ է բաց թողել իր ձեռքից»,- ասել է Ալիեւը՝ մանրամասնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հույս է ունեցել, որ նրանց արեւմտյան բարեկամները կօգնեն։

Ալիևի պնդմամբ միայն Շուշիի գրավումից հետո է Պուտինը զանգել իրեն և ասել, որ հայկական կողմը պատրաստ է կատարելու այն, ինչը պետք է կատարեր։

«Նա ինձ հարցրեց, թե արդյո՞ք ես մնում եմ իմ դիրքորոշումներին և ես պատասխանեցի, որ իմ դիրքորոշումները չեմ փոխում, և եթե նրանք հաստատեն իրենց զորքերի դուրսբերման օրերը մնացած տարածքներից, մենք կանգ կառնենք»։

Դա, ըստ Ալիևի, եղել է նոյեմբերի ութի երեկոյան։ «Ամսի իննի համար պայմանավորվեցինք նորից կապի դուրս գալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչն ակտիվ դերակատարություն ուներ այս ամենում և իմ ուղերձներն էր փոխանցում Փաշինյանին, իսկ նրա ուղերձները՝ ինձ։ Դա տեւեց մինչև ամսի իննի վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Իհարկե, շատ հարցեր կային, որոնք պետք է համաձայնեցվեին։ Ամեն բան նման արագ ընթացքով էր տեղի ունենում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Վերջում Ալիևը ասել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը  կզարգանա և ապագայում երկրների միջև համագործակցությունն կընթանա մեծացող ճանապարհով։

Նշենք, որ հայկական կողմից, որևէ պաշտոնյա դեռևս չի արջագանքել Ալիևի՝ երեկ՝ ՄԱԿ-ի գագաթաժողովում և այսօր տրված այս հարցազրույցի հայտարարություններին: