կարևոր
2476 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-24 14:03

Արցախին վերաբերող թեմաները դուրս են թողնվել ուսպլանից

Արցախին վերաբերող թեմաները դուրս են թողնվել ուսպլանից

Ամեն ուսումնական տարվա սկզբին ուսուցիչները յուրաքանչյուր առարկայի համար կազմում են տարեկան թեմատիկ պլան։ 

Այս մասին գրել է Արմավիրի մարզի Խորոնքի միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի Մարիամ Կարապետյանը:

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը (հիմնադրվել է կառավարության կողմից ս.թ. հունվարին՝ լուծարված «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի փոխարեն) 2021-2022 թթ. ուստարվա համար թարմացրել է թեմատիկ պլանավորման ամբողջական փաթեթը, որից օգտվում են գրեթե բոլոր ուսուցիչները։

11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի ուսումնական պլանից այս տարի դուրս է մնացել վերջին 10-րդ գլուխը՝ «Պատերազմը և քաղաքականությունը», որի երկու կարևոր թեմաներն են՝ «Արցախյան հակամարտության պատմական արմատները» և «Արցախյան շարժումը և ԱՀ-ի հռչակումը»։

Հայոց պատմության դասընթացին ուսումասիրում են «Արցախյան շարժում», «Արցախյան պատերազմ», «Արցախի Անկախության հռչակում» թեմաները, մինչդեռ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում  ծանոթանում են արցախյան հիմնախնդրի իրավական հնարավոր լուծումներին և միջազգային կարգավորման ուղիներին։ Առարկայի շրջանակներում սովորողներն իրենք են քննարկման միջոցով փորձում գտնել և առաջարկել արցախյան հիմնախնդրի կարգավորման իրավական լուծման ուղիները։

Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում արցախյան հակամարտության իրավական կարգավորմանը վերաբերող թեմաների դուրս հանումը ուսումնական պլանից։ Եվ ցավալին այն է, որ շուտով նույն կամ ավելի վատ ճակատագրի կարող են արժանանալ նաև «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները, որոնք ազգային, հոգևոր, ռազմահայրենասիրական դաստիարակություն տվող կարևորագույն առարկաներ են։ Հավելենք, որ այդ կապակցությամբ, դեռևս նախորդ տարվանից սկսած, ԿԳՄՍ նախարարության փորձագիտական խմբերի մշակած և ներկայացրած առարկայական չափորոշիչների ու օրինակելի ծրագրերի վերաբերյալ ակադեմիական և բուհական գրեթե բոլոր հաստատությունների կողմից (ԳԱԱ, ԵՊՀ, ՀՊՄՀ և այլն) բարձրացվել են բազմաթիվ մտահոգություններ, որոնց արդյունքում ներկայացված առարկայական չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը կտրականապես մերժվել են նշված հաստատությունների կողմից:

Ի դեպ, հանրակրթության պետական չափորոշչի հիման վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչներն ու ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:

Եվ չնայած ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են, այդուհանդերձ, առաջիկայում կպարզվի՝ արդյոք դրանք ևս չեն պարունակում մի շարք «նորարարություններ», ինչպես դա տեղի է ունեցել «Հասարակագիտություն» առարկայի ուսումնական պլանի պարագայում»: