կարևոր
1738 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-24 12:52

Պարտադիր պատվաստումների հակասահմանադրականության հաստատման վերաբերյալ դիմումը կմուտքագրվի ՍԴ

Պարտադիր պատվաստումների հակասահմանադրականության հաստատման վերաբերյալ դիմումը կմուտքագրվի ՍԴ

Արդեն իսկ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են՝ շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած, Առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի առնչությամբ։ Այս մասին  ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Դրա վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան, դիմելով ՍԴ՝ խնդրելու ենք նաև կասեցնել այդ հրամանի գործողությունը»:

Վարդևանյանն ընդգծեց, որ պատվաստումները կարևոր են, բայց պատվաստվելու որոշումը քաղաքացին անձամբ և գիտակցված պետք է կայացնի։

«Մենք ամեն օր պետք է տեսնենք, թե ինչպես է կառավարությունը սոցիալական գովազդներով, այլ հարթակներում բացատրում, թե ինչի համար է պետք պատվաստվել։ Բայց երբ դրա փոխարեն նվազագույն աշխատավարձի նման ցածր պայմաններում մարդկանց ասում են՝ գնացեք, ձեր գրպանից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտման ենթարկվեք կամ էլ գնացեք ու պատվաստվեք, ստացվում է հարկադրանք։ Պետությունն ինչո՞ւ չի ուզում այդ ծախսն իր վրա վերցնել։ ՊՇՌ հետազոտման ծախսերը թող պետությունը սուբսիդավորի։ Ի դեպ, սա ՍԴ դիմում ներկայացնելու հիմնավորումներից մեկն է», - ասաց Վարդևանյանը։

Իսկ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել է, որ ընդդիմադիր պատգամավորների անհրաժեշտ քանակով ստորագրություններն արդեն առկա են:

«Անուղղակի պարտադիր պատվաստումների և 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու անօրինական պահանջի հակասահմանադրականության հաստատման վերաբերյալ դիմումը այսօրվա ընթացքում կմուտքագրվի Սահմանադրական դատարան»,- գրել է Հայրապետյանը: