կարևոր
475 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-24 12:34

Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել հայանպաստ օրինագծին

Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել հայանպաստ օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր հզոր դիրքորոշում է ցուցաբերել Ադրբեջանի և Թուրքիայի՝ 2020 թվականին Արցախի և Հայաստանի վրա հարձակման հարցում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունելով հինգ օրենսդրական փոփոխություն, որոնք պահանջում են Բաքվից ազատ արձակել հայ ռազմագերիներին, կոչ են անում հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, սատարում են ԱՄՆ օգնության տրամադրումը Արցախին և հորդորում են Թուրքիայի «Գորշ գայլեր» խմբավորումը ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն, տեղեկացնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:

«Մենք միանում ենք մեր կոալիցիոն գործընկերների և համայնքի բազմաթիվ ակտիվիստներիn՝ երախտագիտություն հայտնելու Հայ Դատի Ամերիկայի հանձախմբի աջակցությամբ կատարված այս փոփոխությունների հեղինակներին և բոլոր նրանց, որոնք աջակցել են դրանց ընդունմանը, և արդեն աշխատում են ՝ ապահովելով, որ այս սկզբունքային և հզոր դիրքորոշումները ընդունվեն ԱՄՆ օրենսդրության մեջ»,- ասել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: 

Սպասվում է, որ Սենատը հաջորդ ամսվա ընթացքում կքննարկի Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի իր տարբերակը: Հայ Դատի հանձնախումբը սերտորեն համագործակցում է Սենատի անդամների հետ՝ ուսումնասիրելու նմանատիպ փոփոխությունների հնարավորությունները:

Փոփոխություն է կատարվել օրինագծում, որի համաձայն՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն 2020 թվականին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովներին: Բացի այդ, ենթադրվում է, որ օրենսդիրները կոչ կանեն Ադրբեջանի իշխանություններին «ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված խաղաղ բնակիչներին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը: