կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-24 11:44

Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ խոսել առանց նախապայմանների. Կիրո Մանոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 23-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Անդրադարձ է կատարվել արտաքին ճակատում վերջին քաղաքական զարգացումներին և, մասնավորապես, ՀՀ իշխանությունների կողմից հայ-թուրքական երկխոսություն սկսելու ճիգերին: Կիրո Մանոյանն ընդգծել է, որ այս իրավիճակում դրանք հապճեպ հայտարարություններ ու նախաքայլեր են, որոնք լուրջ չեն, քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ առանց նախապայմանների երկխոսության:

Հաղորդավարի դիտարկմանը, թե իշխանություններն իրենց այդ վարքագիծը բացատրում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ցանկությամբ, Կիրո Մանոյանը պատասխանել է. «Ես մի ուրիշ առիթով էլ ասել եմ՝ մահն էլ ի վերջո խաղաղություն է մեռնողի համար: Այն խաղաղությունը, որի մասին խոսում է Փաշինյանը, դա մահվան խաղաղությունն է և ոչ թե արժանապատիվ խաղաղությունը, որ, բնականաբար, բոլորիս է պետք»:

Կիրո Մանոյանը նաև ընդգծել է, որ պատերազմում պարտված ՀՀ իշխանությունները պարզապես չեն կարող որևէ հաջողություն արձանագրել արտաքին քաղաքականության մեջ: «Աշխարհը տեսել է, թե ինչ ուժ է սա, ինչ քաղաքական ուժ, որ ոչ ինքն իրեն է հարգում, ոչ իր ժողովրդին է հարգում, ոչ էլ պետությունն է հարգում: Կարևոր չէ, անգամ, թե քանի տոկոս քվե են ստացել: Այսօր աշխարհում մարդիկ, լրատվամիջոցներ, քաղաքական շրջանակներ չկան, որ չհասկանան, թե ինչպես պարտություն կրած այս ուժը մնաց իշխանության: Բայցև շարունակում են բարյացակամ վերաբերվել ՀՀ իշխանություններին, որովհետև նրանք պատրաստ են անել ամեն ինչ, որ թելադրվում է իրենց»,- ասել է Կիրո Մանոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: