կարևոր
955 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-24 11:12

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

Նախքան քննարկումը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ այսօր օրակարգ է բերվել մի հարց, որը մեր գնահատմամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահաջներին: Այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը չեն կարող լինել օրինական:

Նա նաև ընդգծեց՝ ՀՀ  իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները։

«Արդեն 12-րդ օրն է մենք պահանջել ենք ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան անձանց ուղիղ մասնակցությամբ իրականացնել քննարկում, մինչդեռ այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչ լարված իրավիճակ է առաջանում՝ ոչ միայն Էրդողանի հետ սիրախաղերը, նաև Ալիևի վերջին հայտարարությունները հստակ մատնանշում են այն մասին, որ մենք գործ ունենք մեր պետության առաջնահերթություն համարվող անվտանգության խնդիրների հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ելնելով այս ամենից՝ «Հայաստան» խմբակցությունը  չի մասնակցում այս ապօրինություններին։

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ իրենք ևս չեն մասնակցելու հարցի քննարկմանը։

«Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված համայնքների խոշորացման հարցի տրամաբանության ընտրությունը խիստ քաղաքական են, անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապդնում, նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկին, «Պատիվ ունեմ»-ը նույնպես չի մասնակցելու հարցի քննարկմանը»,- ասաց նա։

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել: