Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, վերահաստատելով երեկ Էրդողանի ասածները, խոսել է Փաշինյանից ստացված դրական ազդակների և Հայաստանի հետ սահմանների բացման նախապայմանի մասին:
«Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում ընտրվելուց և Կառավարության կազմավորումից հետո, դրական ազդակներ է հնչեցրել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- նշել է Չավուշօղլուն։
Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա քայլերի իրականացման ժամանակ Թուրքիան կգործակցի Ադրբեջանի հետ։ «Ադրբեջանը առաջարկել է խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ: Կարծում եմ, որ օգտակար կլինի քննարկումներ սկսել այս առումով: Հասկանալի է, որ մենք այս հարցի շուրջ համաձայնեցված կգործենք Ադրբեջանի հետ, և եթե դրույթները կատարվեն, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կարող են սահմաններ բացել և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Բայց այս հարցում Հայաստանը պետք է գործի ոչ միայն խոսքով, այլ արդյունավետ և շոշափելի քայլեր ձեռնարկելով»,- նշել է նա։
Իսկ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպումից իր ունեցած սպասելիքներից: Նշելով «հինգի» կամ «վեցի» հարթակի մասին՝ նա հայտարարել է Փաշինյանից ստացվող դրական ազդակների մասին։
«Այս պահին, Փաշինյանից գալիս են դրական ազդակներ: Այժմ, այս դրական ազդակների հետ մեկտեղ, մենք նաև որոշ քայլեր կանենք այս հարցում: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տարածաշրջանը խաղաղության մի մակարդակի բերել»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է Էրդողանը։
Ըստ նրա՝ այդ հարցը լինելու է այն հարցերի օրակարգում, որոնք ինքը սեպտեմբերի վերջին քննարկելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք հնարավորություն կստանանք լավ զարգացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Սա ներառված է այն հարցերի օրակարգում, որոնք ես ամսվա վերջին կքննարկեմ պարոն Վլադիմիր Պուտինի հետ: Այսպիսով, թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»,- նշել է Էրդողանը:
Նա հայտարարել է, որ Իգդիրից Նախիջևան կկառուցվի երկաթուղի։ «Ներկայումս իրականացվող քայլերի հետ միասին, մենք հույս ունենք Իգդիրից Նախիջևան նոր ճանապարհներ կառուցել, ներառյալ երկաթուղի։ Այդ ճանապարհի կառուցումը շատ կարևոր քայլ կլինի»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին քննարկում են Հարավային Կովկասում «Վեցի հարթակի» ստեղծման մասին, որը կնպաստի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանը։ Հարթակին կարող են միանալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, «ցանկության դեպքում», նաև՝ Հայաստանը։
Ավելի ուշ, Էրդողանը հայտարարել էր, որ եթե այդպիսի հարթակ ստեղծվի, ապա տարածաշրջանում ավելի հանգիստ իրավիճակ կլինի։ Նա ընդգծել էր, որ հարցը քննարկել է Պուտինի ու Ալիևի հետ, իսկ առաջիկայում այդ մասին պատրաստվում է խոսել նաև Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։