կարևոր
892 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-23 14:02

Ի՞նչ երաշխիք կա, որ ՊՇՌ մեկ թեստը հանձնելուց հետո մինչև հաջորդի հանձնումը քաղաքացին չի կարող վարակակիր լինել. Արեգնազ Մանուկյանը՝ Անահիտ Ավանեսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր խորհրդարանում «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասաց, որ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնող մի շարք սահմանափակումների վերաբերյալ կան բազմաթիվ մտահոգություններ։

«Նախ ընդգծեմ, որ այս որոշումը մարդու իրավունքների առումով է խնդիրներ առաջացնում, քանի որ պատվաստելը պետք է լինի մարդու կամավոր և գիտակցված ընտրությունը, այլ ոչ թե այդ ծախսը թողնի աշխատակիցների վրա, որոնց մեծ մասը գտնվում է  սոցիալապես ծանր վիճակում։ Ի՞նչ երաշխիք կա, որ ՊՇՌ մեկ թեստը հանձնելուց հետո մինչև հաջորդի հանձնումը քաղաքացին չի կարող վարակակիր լինել։ Ստեղծված իրավիճակը կարող է նաև կոռուպցիոն ռիսկեր առաջացնել, քանի որ չի բացառվում, որ քաղաքացիներն ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար կարող են նախընտրել պատվաստվելու հակացուցում ունենալու հավաստող փաստաթուղթ ձեռք բերել անօրինական ճանապարհով։

Ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ ոչ թե դեմ եմ պատվաստումներին, այլ մատնանշում եմ այդ ուղղությամբ կառավարության կատարած թերի և անպատասխանատու աշխատանքը»,- նշեց Արեգնազ Մանուկյանը:

Պատգամավորը, անդրադարձավ նաև պետպատվերների հետ կապված խնդիրներին՝ ընդգծելով, որ շարունակում են քաղաքացիներից ահազանգեր ստանալ, որ պետպատվերների հերթագրումների հարցը դրվել է բժշկական կենտրոնների վրա։

«Քանի որ հիմնական բյուջեն սպառվել է, բժշկական կենտրոնները հիմնականում որոշում են, որ տվյալ քաղաքացու բուժումն անհետաձգելի չէ, և քաղաքացիներին գրանցում են ու տուն ուղարկում։ Նման քայլի բժշկական կենտրոնները ստիպված են գնում, քանի որ զրկված են ֆինանսավորումից, ինչը հետևանք է այն բանի, որ կառավարությունը ճիշտ չի կարողացել պլանավորել ֆինանսական միջոցները, իսկ հիմա էլ պարտավոր է միջոցներ գտնել այդ խնդիրը կարգավորելու համար։ Այսպիսով մարդիկ զրկված են մինչև 2022 թվականը պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու հնարավորությունից»,- հավելեց նա։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վարակը որևէ մեկին կամ քննարկումների ու հարցերի սպառիչ պատասխանների չի սպասում, փոխարենը այն տարածվում է և կյանքեր խլում։

«Բոլորս էլ ականատես ենք լինում, որ ոչ այդքան տարիքով, երիտասարդ մարդիկ շարունակում են հիվանդանալ ու մահանալ։ Այո, կառավարությունն ունի պատասխանատվություն՝ կիրառելով օրենքով սահմանված բոլոր միջոցառումները՝ պաշտպանելու իր քաղաքացիներին։ Մեր, իմ առաջին նպատակը և մոտիվը մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքն է»,- նշեց նա։

Առողջապահության նախարարը պետպատվերի խնդրին չանդրադարձավ՝ նշելով, որ այն այսօրվա օրակարգի հարց չէ, և առաջիկայում դրան անդրադառնալու առիթներ կլինի։

Նշենք, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։