կարևոր
1873 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-23 11:18

Մի ազգ, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. Նիկոլ Դուման

Մի ազգ, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. Նիկոլ Դուման

«Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրոտ, մեջքը փոքր-ինչ կորացած, սեւ, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով: Պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն եւ ահեղ: Հրամանատար մըն էր՝ սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի: Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին՝ փայլուն ճակատամարտներու շարան մը: Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաեւ՝ ներքին հակառակորդներու: Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու…»:

Միքայել Վարանդյան

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Նիկոլ Դումանը (1867-1914) (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Ղշլաղ գյուղում 1867 թ.-ի հունվարի 12-ին: Շուշիի թեմական դպրոցն ավարտած քահանայի որդին նախ աշխատել է թեմի եկեղեցական խորհրդում, ապա ուսուցչություն արել Թավրիզի եւ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, Սալմաստի վարժարաններում: Նրան հաջողվում է կապեր հաստատել Դերիկա վանքում եւ մերձակա հայկական գյուղերում գործող հայդուկային խմբերի հետ: Այս վանքից էլ սկսվում է նրա մարտական ուղին՝ «Վրեժ» ջոկատի կազմում, որ պիտի անցներ Վան:

Ֆիդայապետը Դուման անունը վաստակում է Բողասքյասանի մարտում. 1895 թ. հոկտեմբերին նա իր 50 հոգանոց խումբն առաջնորդում է դեպի Վան-Վասպուրական: Հազիվ ոտք դրած պաշտելի հողին՝ քրդական 1500 հոգանոց հրոսակախումբը շրջապատում է նրանց: Երկօրյա համառ մարտերից հետո միայն, տալով մեկ զոհ, հայդուկներին հաջողվում է ճեղքել քրդերի շղթան եւ ապաստանել հայկական Բողազ-Քյոսան գյուղում: Քրդերը, սակայն, շարունակում են հետապնդել նրանց եւ շրջապատել այն մարագը, որտեղ հանգրվանել էին ազատամարտիկները: Հրոսակները կրակին են տալիս մարագը: Թվում էր, թե վերջացած է ամեն ինչ: Սակայն ելք կար: Դումանի հրամանով բացվում են մարագի դռները, եւ դիմահար կրակով առաջ նետվելով՝ տապալում են քրդերին, ճեղքում շղթան: Մեծաթիվ զոհեր եւ երկու ցեղապետ կորցրած քրդերը չեն հավատում կատարվածին: «Սա մարդ չէ, սա դուման է…»,- գոչում են ահաբեկված ու մնում ձեռնունայն:

Փոթորիկ հրամանատարը քիչ ավելի ուշ մտահղանում է Խանասորի արշավանքը եւ քրդական մազրիկ ցեղին խստագունս պատժելու գաղափարը, որն իրագործում է 1897-ին:

1905 թվականի փետրվարին Բաքվում հայկական կոտորածներ են սկսվում։ Նիկոլ Դումանը նախաձեռնում է անզեն ու անպաշտպան հայերի ինքնապաշտպանության գործը: Նրա մարտական շտաբն Իսահակ Մելիքյանի լուսանկարչատանն էր: Փետրվարի 7-ին Դումանը իր վեց զինվորներով կանգնեցնում, ապա հաղթում է թուրքերին, մաքրում հայկական եկեղեցու տարածքը գազազած ամբոխից: Ավելին՝ թուրքերն ստիպված էին սպիտակ դրոշ պարզել։

Այս դեպքերից չորս տարի անց մեկնում է Պարսկաստան, Եփրեմ Խանի ու Քեռու հետ մասնակցում իրանական հեղափոխությանը, ղեկավարում Թավրիզի պաշտպանությունը: 1911 թ. պարսիկ եւ հայ հեղափոխական մարմինների ու Թավրիզի ապստամբած զինված ուժերի խնդրանքով Դումանը նշանակվում է սահմանադրական ուժերի ընդհանուր հրամանատար: Հեղափոխական ուժերի պարտությունից հետո հայ մարտիկները, նախապես ստանալով Եփրեմ Խանի թույլտվությունը, սեպտեմբերին Թեհրանով ու Սալմաստով անցնում են Վան: «Ինչպես տարա, այնպես էլ հետ բերի տղաներին ողջ ու առողջ»,- հետագայում ասելու էր հրամանատարը:

Հայոց հնօրյա մայրաքաղաքում Արամի եւ Իշխանի հետ կազմակերպում է մարտական ուժեր, սակայն հեռացվում է Վանից նահանգապետի կարգադրությամբ, մեկնում Պոլիս, այստեղից՝ Թիֆլիս, առողջական վիճակից դրդված՝ ներկայանում ոստիկանություն: Նրան ձերբակալում են եւ նետում Մետեխի բանտ: Սակայն ընկերներին հաջողվում է ազատել եւ ուղարկել Աբասթուման՝ բուժվելու: Այդ նպատակով նա լինում է նաեւ Սոչիում, Կիսլովոդսկում:

Առաջին աշխարհամարտի նախօրեին ծավալվում է հայկական կամավորական խմբերի ստեղծման շարժումը, որին կողմնակից չէր Դումանը. նրա համոզմամբ՝ դա նոր կոտորածների առիթ կարող էր տալ թուրքերին: Իսկ առողջությունը շարունակում էր վատանալ:

1914 թ. սեպտեմբերի 23-ին զգալով պատերազմին մասնակցելու անկարողությունը՝ փոթորկաշունչ ֆիդայապետը, որ տառապում էր անբուժելի թոքախտով, ինքնասպանություն է գործում՝ սերունդներին պատգամելով.

«Ինչ էլ որ լինի, թե թշնամուն եւ թե բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ՝ քաղաքական ցնցումների վայրկյաններում…»: