կարևոր
529 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-22 22:54

Բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը

Բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը

Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռցքամարտի ֆեդերացիան։

69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, ով նախ առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակիչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, ¼ եզրափակիչում մրցեց Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ:

Մենամարտն անցավ բավականին համառ ու անզիջում պայքարում: Ի վերջո, մրցավարները նախապատվությունը տվեցին հայ բռնցքամարտիկին: Հարկ է ընդգծել, որ բրազիլացի մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը: Եթե որոշումը չփոխվի, ապա կիսաեզրափակիչում Մաշակարյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Քրիստիան Մեդինա Պալասիոն:

Դավիթ Չալոյանը նույնպես բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է: Նրա մրցակիցը ևս մեկ բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսն էր։ Բոլոր 3 ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում էր և մի շարք ուժգին հարվածներ հասցրեց մրցակցին: Ունենալով հսկայական առավելություն Չալոյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը: