կարևոր
406 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-22 20:48

Հայաստանը և փոփոխվող աշխարհը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ։ Այս մասին «Ալ-Արաբիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ պատերազմից հետո մեր երկիրը որոշել է ընդլայնել դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում:

«Պատերազմից հետո դեռ վերականգնման փուլում ենք՝ ինչպես մտավոր, այնպես էլ տնտեսապես»,- ասել է դեսպանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնության լուծման լավագույն ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նորանշանակ դեսպանը նաեւ դժգոհել է՝ ասելով, որ երբ 1994 թ. հայերը հաղթեցին, հետ վերադարձրին բոլոր ռազմագերիներին:

«Անհեթեթ է, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին»,- հավելել է Մակունցը: Նա նաեւ հայտնել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով շատ հայեր տեղահանվել են, եւ այժմ Հայաստանի կառավարությունը օրենքներ է մշակում՝ ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Վերջինը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, ու նույնպես կարեւորում է հարցի արագ լուծումը: Գրիգորյանն ու Զոհուրին քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:

Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Էնթոնի Բլինքնենն ու Մեւլութ Չավուշօղլուն հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

«Առաջիկայում շատ բան կա քննարկելու Աֆղանստանի հետ կապված: Բացի այդ, տարածաշրջանային շատ այլ հարցեր կան՝ Սիրիայից Կովկաս»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Իսկ ահա հանդիպումից հետո ամերիկյան Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը Պետդեպի կայքում չի հրապարակվում, ճեպազրույց է տվել ու հայտարարել՝ Բլինքենը հասկացրել է Թուրքիային, որ Վաշինգտոնը պատրաստ է օգտակար լինել, եթե կարող է: Պաշտոնյան նաեւ ասել է, որ իրենք այս շաբաթ երկկողմ հանդիպումներ են ունենալու հայերի ու ադրբեջանցիների հետ եւ նույն առաջարկն անելու են նրանց:

Նյու Յորքում հանդիպել ու հայ-ադրեբեջանական հարաբերությունների ներկա վիճակն են քննարկել նաեւ Թուրքիայի նախագահն ու Վրաստանի վարչապետը: Պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրության համաձայն` Էրդողանն ու Ղարիբաշվիլին խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին: 2 ղեկավարները համաձայնել են, որ այդ փոխանակումը հարեւանների միջեւ համագործակցության լավ հիմք է: