Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակը լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, ընդհատված երազանքների պայմաններում:
Հանրապետության նախագահն իր շնորհավորական ուղերձում նշում է՝ այսօր վերամեկնարկի կարիք ունի ոչ միայն պետությունը, այլեւ պետականության մեր զգացողությունը:
30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը: Շուրջ երեսուն տարի անց ստացած հարվածը, ցավոք, նոր պատերազմի տեսքով էր...
Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Միեւնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել: Մեր հայրենիքի կարեւորագույն խնդիրը մնում է եւ դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը: Առանց ուժեղ անվտանգության համակարգի՝ չի կարող լինել ոչ զարգացում, ոչ էլ առաջընթաց:
Հանրապետության առաջին նախագահը կիսվել է իր հուշերով: Ֆեյսբուքում հրապարակել է 1991 թվականի Անկախության հանրաքվեից լուսանկար ու հիշեցրել 2010-ին հնչեցրած այս միտքը:
«Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի, ինձ համար ամեն ինչից վեր է»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հույս եւ վստահություն է հայտնում, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ՝ պնդելով, որ ուժեղ եւ ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա:
«Այսօր լրանում է մեր անկախության 30 տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք այս նշանակալի օրը: Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց եւ հազարավոր ճակատագրերի խեղվելուց հետո: Հայաստանի՝ իբրեւ անկախ պետության կայացումը, անքակտելիորեն կապված էր Արցախյան մեր հաղթանակի հետ: Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին 30 տարվա ընթացքում, եւ ինչը երկրին ուժ եւ աշխարհաքաղաքական արժեք էր տալիս»։
«Սթափվելու, անցած ճանապարհը արժեւորելու, վերագնահատումներ կատարելու հրամայականի առջեւ ենք». Անկախության օրվա առթիվ ուղերձներով են հանդես եկել նաեւ ՀՅԴ Բյուրոն եւ «Հայաստան» դաշինքը:
Իշխանությունները անցողիկ են, պետականության տերը բոլորս ենք ու բոլորս անելիք ունենք: Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ հայության հայրենիքն է եւ ըստ այդմ՝ հայոց անկախ պետականության հզորացումն ու ամրապնդումը համայն հայության գերխնդիրն է: Մեզ պարտադրվող փորձությունները կարող ենք եւ պետք է հաղթահարենք:
«Պետականաշինության մեր հաջողությունների կողքին եղել են նաեւ բացթողումներ, որոնք, սակայն, խմբագրելի էին եւ չէին կարող սպառնալ մեր ինքնիշխան պետականությանը:
Ցավոք, վերջին երեք տարիներին Հայաստանում վարվող քաղաքականությունը լրջագույն կորուստների հանգեցրեց՝ խաթարելով Հայաստան-Արցախ անվտանգային միասնական համակարգն ու սպառնալով Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր, ավելի քան երբեւէ, Անկախության 30-րդ տարեդարձին, մեզ՝ ամբողջ հայ ժողովրդին, միասնականություն, կամք եւ ոգի է անհրաժեշտ»:
Իսկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիշեցնում է՝ պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք հասկանում են պետականության արժեքը: