Մենք այսօր, իմ խորին համոզմամբ, չունենք անկախություն, որ տոնենք այս օրը, չունենք տրամադրություն տոնելու. Անկախության իրական տերերն այսօր Եռաբլուրում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:
«Մեր զավակներն իրենց մահով ապացուցեին, որ իրենք են տերերը: Այսօր միակ չգրավված ամրոցը մնում է Եռաբլուրը, հետեւաբար, մենք ցանկություն հայտնեցինք մի քանի մայրերով, որ գնանք այսօր Եռաբլուր: Մենք ուզում ենք ուղղակի երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք մեր պայքարը եւ մի օր անպայման վերադարձնելու ենք Հայոց անկախությունը:
Այսօր ինքնախաբեությամբ տառապելը ծիծաղելի է, մեր անկախությունը ամեն տեղ գրավված է: Սահմաններին եւ ռուսական դրոշ, եւ ադրբեջանական դրոշ կա: Մեր հարազատ լեռների վրա այսօր տարբեր դրոշներ են:
Այսօր տեսնում ենք, որ մեր երկրի ղեկավարը խնդրում է, որ թշնամին իր հետ հանդիպի: Երբեւէ նման բան չէր եղել, ինչը շատ վիրավորական է: Մեր զավակների առեւանգում են մեր սահմաններից ու մենք ոչինչ չենք կարողանում անել:
Այո, կարելի էր նշել այս օրը. Պետք է ռազմական հաստատությունների ուսանողները քայլեին որպես ապագա բանակի այսօրվա կերտողներ: Պետք է նրանց հետեւից քայլեին աշակերտները՝ մեր հերոսների նկարներով, որպեսզի ցույց տային, որ այդ հերոսների հետեւից գալիս է նոր սերունդը, որը պետք է տեր կանգնի հայրենիքին: Նրանց հետեւից թող հրավիրեին մեզ՝ մայրերին: Դրանից հետո էլ թող գային հայ մարդիկ, որոնք հասկանում են, որ հային երբեւէ ընկճել հնարավոր չէ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։