կարևոր
1948 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-21 12:47

Այս իշխանության օրոք, երբ երկրի սահմաններն անառիկ չեն, ինքնիշխանության մասին անհնար է խոսել․ Սեյրան Օհանյան

Այս իշխանության օրոք, երբ երկրի սահմաններն անառիկ չեն, ինքնիշխանության մասին անհնար է խոսել․ Սեյրան Օհանյան

Այսօրվա իշխանության օրոք անհնար է խոսել ինքնիշխանության մասին, երբ մեր երկրի սահմաններն անառիկ չեն, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանված չէ, ադրբեջանցիները մեր սահմաններին են, ճնշումներ են գործադրում, Գորիս-Կապան ճանապարհին տարբեր սադրանքներ են կազմակերպում։ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, երկրի ինքնիշխանությունն առաջին հերթին արտահայտվում է ունեցած տարածքով, բնակչությամբ, տնտեսությամբ, նրանով, որ այդ տարածքի, սահմանային անվտանգության ու արածքային ամբողջականության տերն ես։

«Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքում, շատ տեղերում սադրանքներ են կազմակերպում, իրենց լկտի են պահում, ինքնիշխանության մասին խոսելը շատ դժվար է»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Ըստ պատգամավորի ցանկացած նման ծանր հարված պետք է օգտագործել ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար։

«Կարծում եմ, կարող ենք դուրս գալ այս իրավիճակից, դրա համար չափից ավելի կազմակերպված պետք է լինենք։ Ակնհայտ է, որ այս իշխանություններն ամեն օր մեզ տանում են անկման, տարած պարտությունից հետո մեր հակառակորդը ամեն օր մխրճվում է մեր տարածք, կազմակերպում է  սադրանքեր, Սյունիքում այդ սադրանքները խոսում են այն մասին, որ այս իշխանություններն ադեկվատ որոշում չեն կարող ընդունել, նրանք կարող են ինչ-որ բան կազմակերպել փողոցներում, քաղաքաներում։ Լիակատար ինքնիշխանության համար առաջին հերթին սահմանները պետք է ամրապնդված լինեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Օհանյանը տեղեկացրեց նաև, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառմանը մասնակցելու հրավեր իշխանություններից ստացել է, սակայն հրաժարվել է մասնակցելուց։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատագրական և 44-օրյա պատերազմում ընկած հերոսների հիշատակին։