կարևոր
1423 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-21 12:06

Գունագեղ տոնախմբությամբ հիշատակ չեն հարգում․ զոհված զինծառայողի հարազատ

Գունագեղ տոնախմբությամբ հիշատակ չեն հարգում․ զոհված զինծառայողի հարազատ

Մենք տոնախմբությանը չենք լինելու։ Նաիրի Սարգսյանին ասել ենք, որ կարելի էր միջոցառումը հետաձգել՝ հարգելով ծնողներին ու մեր երեխաներին, որոնց տարին դեռ չենք տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ տոնակատարության» վերաբերյալ իր կարծիքն է հայտնել զոհված զինծառայողի հայրը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակվել էր Կորոնավիրուսի պատճառով, իսկ սեպտեմբերի 21-ին մասշտաբային միջոցառում է նախատեսվում։

«Որքանո՞վ եք վստահ, որ սեպտեմբերի 21-ի հաջորդ օրը Քովիդի 2000 դեպք չի լինելու։ Եթե հոկտեմբերի 1-ից պարտադիր պատվաստում են անում, ինչո՞ւ են նման տոնախմբություն անում», - նշել է զոհված զինծառայողի ծնողը։

Մարդկանց վիրավորել է Փաշինյանի արտահայտությունը՝ «գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու մասին, ինչը զոհվածի հայրը պատահականություն կամ սխալմունք չհամարեց։

«Նա չի սխալվել։ Այդպիսի սխալներ չեն կատարում վարչապետի պաշտոնում։ Վարչապետի պաշտոնում նստած մարդն իրավունք չունի նման սխալ թույլ տալ», - ասել է նա։

Հարազատներից մեկն էլ նշել իրենք Եռաբլուրում հավաքվել են իրենց երեխաների, նահատակների, հերոսների համար, ու, չգիտես ինչու, ինչ-որ մեկը իր անձնակազմով ոտք է դնում ու պղծում իրենց երեխաների շիրիմը:  

«Մեր նպատակն է, որ թուրքերը մեր երկրից հեռանան, թողնեն՝ այս երկրում հանգիստ ապրենք»,-նշել է զոհվածի հարազատը: