կարևոր
400 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-21 11:18

Հայաստանի անկախության տոնի առիթով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձը

Հայաստանի անկախության տոնի առիթով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ:

«Երեք տասնամյակների ընթացքում, որն անցել է այն պահից ի վեր, երբ Հայաստանը մերժել է Խորհրդային միության բռնաճնշումների կառավարումն ու անկախություն հռչակել, Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության եւ ժողովրդավարական ինստիտուտների վրա: Մենք գնահատում ենք Հայաստանի հանձնառությունը ինչպես այդ ընդհանուր արժեքներին, այնպես էլ նրա միջազգային պարտավորություններին, որոնք կենսական նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում»:

Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ում բնակվող հայերի ներդրումը այդ երկրի կենսունակության ապահովման հարցում՝ արձանագրելով, որ այդ մշակութային առնչությունները, ինչպես նաև՝ կապերը մարդկանց միջև, ամրապնդում են կապը երկու ժողովուրդների միջև:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է Արցախի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման եւ մարտական գործողությունների հումանիտար հետեւանքների վերացման շուրջ բանակցություններում կողմերին օգնություն ցուցաբերելուն, ներառյալ բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը, անհետ կորածների հաշվառումը եւ դիերի ամբողջական եւ օպերատիվ փոխանակումը:

Այս կարևոր օրը մենք շնորհավորում ենք Հայաստանին և անհամբերությամբ սպասում մեր երկկողմ ամուր հարաբերությունների ամրապնդմանը»: