կարևոր
244 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-21 00:35

Փաշինյանը հայտնվել է թակարդում. սա դիվանագիական սկանդալ է. Գեղամ Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարն իր խուսափողական պատասխանով հաստատեց, որ Փաշինյանը փորձել է գավառական շուստրիությամբ խաղ խաղալ, բայց աղվեսը երկու ոտքով է հայտնվում թակարդում, և Փաշինյանը հայտնվել է թակարդում, որովհետև սա ինքնին դիվանագիտական սկանդալ է, առնվազն այն առումով, որ փորձել է գաղտնի շփումներ հաստատել Թուրքիայի ղեկավարության հետ՝ շրջանցելով և՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և՛ ՄԽ համանախագահ երկրներին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ նույն այդ տրամաբանության մեջ էլ Թուրքիան երեք տարի առաջ տենչում էր գոնե մազաչափ մասնակից լինել արցախյան բանակցություններին, իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքով ոչ թե մազաչափ, այլ երկու ոտքով Թուրքիան կանգնած է բանակցային հարթակի վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների ու Սյունիքի «Թյուրքական միջանցքի» թեմաներին և հեռակա դիմելով Փաշինյանին, բառացիորեն ասել է հետևյալը.

«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիբ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ, և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»։

Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ 2005թ. Էրդողանն էր նամակ գրում Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին.

«Դա իրականում խնդրագիր է, որպեսզի Հայաստանը դադարեցնի միջազգային ճնշումները, երկխոսություն սկսի և այլն, և Հայաստանը շատ հանգիստ կարողանում էր մերժել՝ ասելով՝ դու սա պետք է անես, որից հետո կարող ենք քննարկել: Մենք 2021թ. հասել ենք մի տեղ, որ Էրդողանը հրապարակային ապտակով ասում է՝ սա կանես, սա կանես, սա կանես, ես էլ կհամաձայնեմ քո հետ հանդիպել: Ի դեպ, Փաշինյանի մամուլի քարտուղարի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ Հայաստանը չի էլ մերժում Էրդողանի նախապայմանները»:

Հարցին՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ի՞նչ կերպ է պատրաստվում կասեցնել Փաշինյանի գործողությունները, բավարարվելու են միայն արձանագրելով և իշխանություններին դավաճան անվանելո՞վ, նա պատասխանել է. «Ո՛չ, իրականում անցնող երկու ամսվա խորհրդարանական գործունեությունը լոկ դավաճան-հողատու հայտարարությունները չէին, ամեն օրվա գործողություն, նախաձեռնություն, քայլ բացահայտում է Փաշինյանի ստվերային գործողությունները: Նման ուժեղ խորհրդարանական ընդդիմության առկայությունն է, որ Փաշինյանին զսպում է վերջնականապես կյանքի կոչել այն դավադիր ծրագրերը, որոնց շուրջ, ենթադրաբար, նա խոստումներ է տվել առնվազն Հայաստանի սահմաններից դուրս: Մենք չենք բավարարվելու խորհրդարանով, որովհետև խորհրդարանը, այո, կարևոր ամբիոն է, բայց ամբիոններից կամ զսպող գործիքներից մեկն է: Առաջիկա օրերին շատ ավելի այլ գործողությունների մասին տեղյակ կլինեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում