կարևոր
697 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-21 09:21

Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է

30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները կայացրել են պատմական որոշում՝ անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման ուղի:

Դրանից ավելի քան մեկ տարի առաջ էլ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունել էր «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որն էլ նշանավորել էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեին Հայաստանի չափահաս բնակչության 95 տոկոսի մասնակցության պարագայում հենց քվեարկածների 99.5 տոկոսը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան է տվել: Իսկ 2 օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ, ինքնիշխան Հանրապետություն:

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ-ը կազմալուծվեց:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչեւ անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։