կարևոր
460 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 20:48

Պետդումայի ընտրություններում առաջատարն է «Միացյալ Ռուսաստան» իշխող կուսակցությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վլադիմիր Պուտինի գլխավորած «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը կրկին առաջատարն է Պետդումայի ընտրություններում: Նախնական տվյալներով «Միացյալ Ռուսաստանը» հավաքել է ձայների մոտ 49,8 տոկոսը, եւ, ամենայն հավանականությամբ, կուսակցական ցուցակով կստանա 112 պատգամավորական մանդատ, մեծամասնական ընտրակարգով՝ 199:

Այդպիսով, կուսակցությունը Պետդումայում կպահպանի սահմանադրական մեծամասնությունը: 90-ականների վերջից ի վեր առաջին անգամ Պետդումայում ներկայացված կլինի ոչ թե 4, այլ` 5 կուսակցություն:

Անցողիկ շեմը հաջորդաբար հաղթահարել են նաեւ «Կոմունիստական», «Լիբերալ-դեմոկրատական», «Արդար Ռուսաստան-ճշմարտության համար» եւ «Նոր մարդիկ» կուսակցությունները: Արմատական ընդդիմության, նաեւ անկախ դիտորդների գնահատմամբ՝ ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, որ քվեարկությունն անցել է հանգիստ, առանց լուրջ խախտումների: Միայն թե Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն «աննախադեպ» է անվանել արտաքին միջամտությունը Պետդումայի ընտրություններին:

Լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջ խնդիր էր դրված վերահաստատել իր առաջատար լինելը: Առաջադրանքը, նրա խոսքով, անկասկած կատարված է: