կարևոր
463 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-20 19:38

Էրդողանը պնդում է՝ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Թուրքիայի նախագահը հանրայնացնում է ներքին տեղեկատվություն. Նյու Յորք մեկնելուց առաջ՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել:

Վերջին անգամ Վրաստանի վարչապետը Էրդողանի մոտ էր գնացել, այսինքն, Թուրքիա էր մեկնել այս տարվա հունիսի 1-ին: Իսկ ահա սեպտեմբերի 8-ից 9-ը Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Վրաստան, որն ավարտվել էր Բաթումի քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության․ «Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ»: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Փաշինյանը Բաթումիում 3-4 ժամ անակնկալ «անհետացել» էր:

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահը խոսում է մեկից ավելի միջանցքների մասին: Ուշագրավ եւս մեկ փաստ. Ռեջեփ Էրդողանը, որը դեռ 2005 թվականին ինքն էր նամակով խնդրանք փոխանցում Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբաններին հանձնելու մասին, հիմա իր ելույթի ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չի հիշատակում Հայաստանի վարչապետի ոչ անունը, ոչ զբաղեցրած պաշտոնը:

1-օրյա լռությունից հետո, արձագանքելով Էրդողանի այս հայտարարությանը, վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը փաստացի ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Ղարիբաշվիլիի միջոցով Թուրքիայի նախագահին հանդիպման առաջարկ անելու պնդումը, ընդգծում է, թե այս պահի դրությամբ շփումներ չեն եղել, չնայած որ Երեւանը պատրաստ է Անկարայի հետ բարձր մակարդակի երկխոսության:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ Հայաստանի առջեւ Թուրքիայի դրած գլխավոր նախապայմանը հենց Սյունիքով, այսպես կոչված, «Թուրքական միջանցքի» տրամադրումն է՝ առանց որի Անկարան չի պատրաստվում Հայաստանի հետ որեւէ հարաբերություն հաստատել:

Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի էլ՝ Թուրքիան փորձում է անջատել Հայաստանը Ռուսաստանից եւ Իրանից՝ թողնելով Թուրքիայի հետ մեն-մենակ:

Փաշինյան-Էրդողան ուղերձների փոխանակման հեռակա այս գործընթացը սկսվեց օգոստոսից, երբ Թուրքիայի նախագահը երկկողմ հարաբերությունները կարգավորելու մասին բարձրաձայնեց՝ կրկին նախապայմաններ թելադրելով Երեւանին, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարություններում տեսավ դրական ազդակներ: