կարևոր
712 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 18:57

Գործադիրից ու օրենսդիրից Թուրքիային գնացող դրական ազդակները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ուղիղ կոնտակտ եղել է, թե ոչ, երկրորդային հարց է համարում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Առաջնային խնդիրը Թուրքիայի ճնշումներն են, որոնք ակնհայտ են: Հայաստանն, ըստ քաղաքագետի, չունի բավարար ռեսուրսներ դրանց դիմադրելու համար: Չկա մի ուժ, որի վրա կարելի է հենվել: Հայաստանի համար շատ բարդ է լինելու իր շահերը, գոնե ինչ-որ չափով առաջ տանելը: Քաղաքագետը վստահ է, որ Թուրքիայից որեւէ դրական ազդակ չկա, ինչպես պնդում էր Նիկոլ Փաշինյանը. Էրդողանի հայտարարությունները լրիվ հակառակի մասին են: 

Նման հրապարակային հայտարարությունների հետեւում որոշակի փակ գործընթացներ կան, քայլեր են արվում. պնդում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ հիշեցնելով 2008-ին մեկնարկած ֆուտբոլային դիվանագիտությունը, որին նույնպես նախորդել էին փակ գործընթացներ:

Թուրքիայի պահանջները մասնագետների համար հստակ են, իսկ Հայաստանն ի՞նչ շարժառիթ ունի այդ երկրի հետ երկխոսելու: Վարկածներից մեկն, ըստ քաղաքագետի, Ռուսաստանից կախվածությունն ինչ-որ չափով նվազեցնելու ձգտումն է, կամ էլ Հայաստանը շարժվում է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու արտաքին խաղացողների ցանկությամբ: Իսկ երրորդ վարկածը տնտեսական նպատակներն են: 

Վերջին շրջանում Թուրքիային դրական ազդակներ են գնում ոչ միայն մեր գործադիրից, այլեւ՝ օրենսդիրից: 

Էրդողանի անմեղության կանխավարկածը պաշտպանելու ձգտումը իշխանական պատգամավորին ստիպեց նույնիսկ ելույթ ունենալ իր չնախընտրած ոճով՝ շեղվել բուն թեմայից ու հակադարձել նախորդ ելույթին: 

Գործադիրի հետ հարցուպատասխանի ժամանակ էլ խոհրդարանաում անպատասխան մնաց ընդդիմադիր պատգամավորի հարցը. կարո՞ղ է գործող կառավարությունը երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս մեր Սահմանադրական դատարանի առաջ քաշած կարմիր գծերը չեն հատվի: 

Աղվան Վարդանյանին հորդորեցին հարցը գրավոր ուղարկել ու զրկեցին արձագանքի իրավունքից: Հարցն անպատասխան մնաց հավանաբար այն պատճառաբանությամբ, որ արտգործնախարարը դահլիճում չէր, թեեւ ներկա էր խաղաղության դարաշրջանի ու Թուրքիայից եկող դրական ազդակների մասին հայտարարող Փաշինյանը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։