կարևոր
1417 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-20 17:43

Ավանդական հարիսա՝ ի պատիվ Մուսա լեռան հերոսների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարիսան ասոցացվում է Մուսա լեռան հաղթանակների հետ, եւ մուսալեռցիները, տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթը, փոխանցում են սերունդներին: Խորհրդային տարիներին մուսալեռցիների հավաքներն արգելված էին, գաղտնի էին նշում հերոսամարտի տոնը: Միայն 1976թ.-ին Խորհրդային Հայաստանի իշխանությունը թույլատրեց հուշահամալիրի կառուցումը: Հայոց պատմության մաքառումի այս էջը դարձավ ազգային միասնության գաղափարի խորհրդանիշ, մուսալեռցու պայքարը` ազգային նկարագիր: 

Ցեղասպանության տարիներին հայերի ինքնապաշտպանությունը ունեցել է նաեւ հաղթական էջեր: Մուսա Լեռան հերոսամարտը հայ ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Ամեն տարի իրականացվում է Մուսա լեռան հերոսամարտի միջոցառումների շարք:

Կիլիկիայի հարավով ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա Լեռը, հայ ժողովրդի ազատագրական պայքարի լուռ վկան է: 1915թ-ին լեռան ստորոտի հայկական 7 գյուղի բնակիչները 40 օր կենաց ու մահու կռիվ մղեցին թուրք հրոսակների դեմ: Ցեղասպանության ալիքը հասել էր նաեւ Սուետիայի հայերին: Հուլիսի 25-ին, տեղեկանալով,որ թուրքերը հասել են հարեւան Քեսապ, 6 գյուղի հայության ներկայացուցիչ խորհրդակցություն անցկացրին, ոմանք որոշեցին չպայքարել եւ. դիմելով փախուստի. զոհվեցին, իսկ մեծամասնությունը հրաժարվեց կատարել թուրքերի հրամանը:

Շուրջ 4500 հայ, գերակշռող մասը կանայք ու երեխաներ, պարենով, զենքով բարձրացան Մուսա Լեռ: Օգոստոսի 7-ից թուրքերը մի քանի հարձակում կազմակերպեցին, սակայն ոչ միայն անհաջողության մատնվեցին այլեւ՝ մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն: Թուրքական զորքերի հրամանատար Մուդիր խալիդը որոշում է պաշարել եւ սովամահ անել հայերին: Սեպտեմբերի 5-ին հայերի սպիտակ դրոշները նկատում է Ֆրանսիական Գիշեն ռազմանավը:

Վերջապես սեպտեմբերի 13-15-ին 40-օրյա հերոսական դիմադրությունից հետո, ֆրանսիական 5 ռազմանավ, ֆրանսահայ նավաստի Շարլ Թեքեյանի ուղեկցությամբ հասան ծովեզր եւ շուրջ 4000 հայի տեղափոխեց պորտ Սաիդ: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: