Էրդողանի աղմկահարույց հայտարարությունից մեկօրյա քար լռություն պահելուց հետո, վերջապես, առաջին պաշտոնական մեկնաբանությունն է հնչել Հայաստանի կառավարությունից։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«1. Նախ, խոսնակի շուրթերով գավառական դիվանագետի մակարդակում գործող Փաշինյանը չի հերքում, որ նման առաջարկ Թուրքիայի նախագահին նա, վրաց գործընկերոջ միջոցով, արել է։
Մանե Գեւորգյան՝ «Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է Կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը»։
2. Անուղղակի Փաշինյանն ընդունում է Էրդողանի նախապայմանը՝ հարաբերությունների հաստատում միջանցքների տրամադրման դիմաց։ Հատուկ շեշտեմ՝ միջանցքների։ Քանզի Էրդողանն իր ասուլիսում հենց հոգնակի է գործածել միջանցք ձեւակեպումը։
Էրդողան՝ «Այսպիսով, ես հույս ունեմ, որ այդ միջանցքները բացելով Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը կհաղթահարվի»(Böylece inşallah Azerbaycan ve Ermenistan arasındaki bu sıkıntı, bu koridorların açılması vesilesiyle aşılmış olur...https://www.tccb.gov.tr/.../cumhurbaskani-erdogan-bm-76...:
Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է Մանե Գեւորգյանի մեկնաբանությամբ։
Մանե Գեւորգյան՝ «Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար, եւ Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում»:
Ու ոչ մի բառ Փաշինյանի խոսնակի կողմից, թե նախապայմաններով չպետք է խոսել։
3. Վերջապես, խոսնակի այսօրվա մեկնաբանությունում ամենավտանգավոր թեզի մասին։ Արտահայտություն, որը զգուշացնում է՝ Փաշինյանը շարունակելու է իր զիջողական, դավաճանական ընթացքը եւ երկիրը տանում է արդեն նոր կապիտուլացիայի, այս անգամ՝ արեւմտյան սահմաններով։
Մանե Գեւորգյանն ասել է՝ «Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք եւ արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն»: Ինչու՞ են պետք ամուր նյարդեր, որ ազգային նվաստացմանը դիմանա՞նք։
Հիշենք, 2005-ին Էրդողանն էր նամակով խնդրանք փոխանցում Հայաստանին, հիմա արդեն Փաշինյանն է ուրիշների միջոցով, գաղտնի մուրում Էրդողանից»։