Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Իջևանի զորամասում Բագրատ եպիսկոպոս Գալստյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հուշապատումի բացման արարողությունը:
«Ընտրված չէ նա, ով ինքն իրեն է գովում, ընտրված է նա, ում Տերն է գովում»: Բագրատ Սրբազանը իր խոսքը սկսեց այսօրվա ավետարանական Սուրբ գրային պատգամով:
«Այսօրվա պատգամն առավել քան համապատասխանում և հնչում է կարծես՝ հենց այսօրվա, այս խորհրդի համար, և մենք հավաքված ենք մեր հերոսական գնդում ընծայելու այս հուշապատը մեր սիրելի եղբայրներին, ոչ միայն նրանց հիշատակին, այլ նրանց կյանքին և նրանց կյանքի միջոցով մեր կյանքին:
Սա չորրորդ հուշապատն է, որ ընծայում ենք մեր բանակային կորպուսում, և այս բոլորը նախաձեռնվել են նախկին հրամանատար, բանակային զորամիավորման գեներալ Գրիգորի Խաչատուրովի կողմից: Իր թելադրանքով և նախաձեռնությամբ, որպեսզի մեր տղաները հավերժ խոսեն մեզ հետ: Այո՛, որպեսզի մեր տղաները խոսեն մեզ հետ, որպեսզի ոչ իրենք լռեն, և ոչ էլ մենք լռեցնենք իրենց, որորվհետև իրենց ներկայությունը վախ, ցավ, սարսափ, պատասխանատվություն, քաջություն, խիզախություն, անմահություն, հերոսություն այս բոլորն են սփռում մեզ, և դժբախտաբար այս բոլոր բառերը, արտահայտությունները տկարացել են այսօր, թուլացել են այսօր:
Այսօր հիշատակի օր է, բայց հիշատակը չի նշանակում անցյալի մասին միայն խոսել, մեր տղաների գործածի մասին խոսել, հիշատակը նշանակում է նաև ուխտ կնքել նրանց առջև, թե ինչ գործողություներ ենք մենք անելու: Նրանք մեկ անգամ նահատակվեցին, հերոսացան, մենք հազար անգամ մեռնում ենք այսօր: Ուխտ թող լինի այս հուշապատը, երդում, վկայություն, հայրենիքի ամբողջականության, ծվեն-ծվեն չլինելու, փախուստ չտալու, խաբկանքներ ու պատրանքներ չփայփայելու:
Սա է պատգամը այսօրվա մեր հերոսների»:
Մանրամասները՝ տեսանյութում